Բաժին. Սոցիալական

Ռոստելեկոմ. իրագործվեց Գորիսում համայնքի զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման նախագիծը

«Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերն ընդգրկում են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտը, այլև ուղղված են նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով համայնքների զարգացմանն ու ընդլայնմանը։

Այս ուղղությամբ իրականացվող նախագծերից մեկը Գորիս քաղաքում Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ ծրագիրն է՝ ուղղված երկու սոցիալական ձեռնարկություններում՝ «Գարիս Քրոշե» (ձեռագործ խաղալիքների արտադրություն) և «Բրդից Կարպետ» (բրդի մշակումից մինչև բնական թելերի ստացում, գործվածքների, գորգերի արտադրություն)   կանանց զբաղվածության ապահովմանը։

Մասնավորապես, ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել համայնքի անապահով, հաշմանդամ, բազմազավակ և միայնակ 30 կանանց՝ ապրիլից նոյեմբեր ամիսներին կայուն աշխատավարձով  զբաղվածության ապահովման նպատակով։
Բացի այդ Գորիս քաղաքի հարակից Շինուհայր համայնքի շուրջ երկու տասնյակ դպրոցահասակ աշակերտների համար կազմակերպվելու են արհեստագործական դասընթացներ (կարպետագործության, հելյունագործության, գործվածքների) հետագայում տարածաշրջանի ավանդական արհեստների կիրառման նպատակով։

«Սյունիքի «Կանանց զարգացման» ռեսուրս կենտրոնի հետ համագործակցությունը շատ կարևոր քայլ է «Ռոստելեկոմի» համար, քանի որ դրանով իսկ մենք ոչ միայն հիմքեր ենք ստեղծում տարածաշրջանում ավանդական արհեստների պահպանման ու զարգացման համար, այլև նպաստում ենք նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանն ու ապահովում համայնքի կանանց զբաղվածությունը։ Մեկ այլ կարևոր ձեռքբերում է նաև աշակերտական տարիքի երեխաների ընդգրկումը ծրագրում, ինչը հետագայում կլուծի երեխաների մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության խնդիրը», – նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը հիմնադրվել է 2014թ-ին և առաքելությունն է բարձրացնել կանանց դերն ու մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում ինչպես տեղի համայնքի, այնպես էլ ազգային մակարդակով։

«Սոցիալական ձեռնարկատիրությունը վերջին տարիներին բավական լայն տարածում է ստացել և մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում համայնքի ու տարածաշրջանի կանանց այս ձեռնարկներում ընդգրկելու ուղղությամբ։ Շնորհիվ մեր գործընկերոջ՝ «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորչության մեն կարողացանք բավական ռեսուրսներ ներգրավել, ինչն իր հերթին հնարավորություն կտա առաջիկա ամիսներին կանանց ապահովելու աշխատանքով»,—նշեց Կանանց զարգացման «Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմինե Հովակիմյանը։

Սյունիքը Հայաստանի հարավային մարզերից է, ունի աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ, ընդ որում գործազուրկների շուրջ 70%-ը կանայք են։ Ռեսուրս կենտրոնի շնորհիվ համայնքի կանայք հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հմտություններն ու ձեռագործ աշխատանքների շնորհիվ ապահովելու սեփական ընտանիքը կենսամիջոցներով։

«Մեր արտադրամասերից մեկում ստեղծել ենք ամեն պայման բրդից մինչև կարպետների, հուշանվերների արտադրության շղթայի համար։ Այս արտադրամասը հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծելու Շինուհայր համայնքի կանանց համար, ովքեր չհեռանալով իրենց բնակավայրից ապահովվում են աշխատանքով։ Կցանկանայի նշել նաև, որ բրդից մինչև կարպետ արտադրական ողջ գործընթացը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար և մենք միաժամանակ մշակում ենք փաթեթներ տարածաշրջանում զբոսաշրջության ակտիվացման համար»,—հավելեց Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։

————————-

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼՈԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share