Բաժին. Սոցիալական

Լուսավոր սահման. էներգախնայող LED լամպեր՝ Մովսես գյուղին

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնքում Հանրապետության տոնը կրկնակի ուրախության է վերածվել: «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը հենց այս հատկանշական օրն էր ընտրել սահմանապահ համայնք այցելելու և բնակիչներին  լուսադիոդային էներգախնայող (LED) լամպեր տրամադրելու համար:

Մովսես այցելության առաջին կանգառը եղել է գյուղապետարանը, որտեղ նախաձեռնության կամավորական թիմը հանդիպել է համայնքի ղեկավարին և մի խումբ բնակիչների, ներկայացրել ծրագրի նպատակը, լուսադիոդային (LED) լամպերի առանձնահատկությունները և էներգախնայողության հնարավորությունները: Այնուհետև կամավորները բաժանվել են առանձին խմբերի և, տնետուն այցելելով, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել 5-ական լամպ և նաև դրանք փոխել տեղում:

Կամավորական թիմին էր միացել նաև ամերիկահայ մեր հայրենակիցը, ով մեծ ոգևորվածությամբ հին լամպերը փոխարինում էր լուսադիոդայիններով: Սահմանապահ մովսեսցիները մեծ ուրախությամբ են դիմավորել թիմին և, ստանալով լուսադիոդային էներգախնայող լամպերը, վստահությամբ նշել, որ քիչ էլեկտրաէներգիա սպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին:

«Լուսավոր սահման»-ն արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասներկու գյուղերի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21մլն. 448 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 13735 լուսադիոդային (LED) լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ: Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Նախաձեռնությունը բոլորին  կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://goo.gl/P10RVn

Share