Բաժին. Սոցիալական

Հայաստան համահայկական հիմնադրամ. նոր ջերմոցներ՝ Տավուշի Խաչարձան գյուղում

Անհատ ֆերմերային տնտեսությունների համար ջերմոցները եկամտի կարևորագույն աղբյուր են: Հաշվի առնելով այդ փաստը և ենթակառուցվածքների զարգացման սեփական ծրագիրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Խաչարձան գյուղում շարունակում է ջերմոցներ կառուցել: Վերջին երկու տարվա ընթացքում գյուղում կառուցվել է չորս ջերմոց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի հանձնախմբի և երկու ջերմոց արգենտինահայ Կալչիյան, Ավագյան և Թերզյան ընտանիքների ֆինանսավորմամբ:

Հունիսի 30-ին Խաչարձանում Ավստրալիայի հանձնախմբի կողմից կառուցված չորս    ջերմոցներից երկուսի բացումը նախանշվեց «Հայաստան» համահայկական  հիմնադրամի Ավստրալիայի հանձնախմբից Հայկ Լեպեճիէանի և Հիմնադրամի այլ ներկայացուցիչների այցով:

Ջերմոցներից յուրաքանչյուրը տրվել է խաչարձանցի մեկ ընտանիքի, որոնք ջերմոցում աճեցնելու են տարբեր տեսակի բանջարեղեն: Մեկ ջերմոցի ընդհանուր մակերեսը 1000 քառակուսի մետր է, ջերմոցն աշխատում է կաթիլային ոռոգման համակարգով: Ջերմոցի հետ միասին խաչարձանցիները նվեր են ստանում նաև սածիլներ և սերմացու:

Խաչարձան գյուղի ներկայիս մոտ 400 բնակիչները 1988թ-ին Ադրբեջանի Ղազախի շրջանից բռնագաղթվածներն են և նրանց ժառանգները: Հիմնադրման օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում վերաբնակեցված համայնքները, այդ թվում նաև Խաչարձանը: Վերջին տարիներին Հիմնադրամի աջակցությամբ գյուղում կառուցվել է բուժկետ, սպորտհամալիր և հանդիսությունների սրահ, վերակառուցվել է գյուղի դպրոցը, հիմնվել են մի քանի տասնյակ փեթակներ, ինչպես նաև դպրոցին տրամադրվել է ավտոբուս:

Share