Բաժին. Սոցիալական

Արդշինբանկ. 100 միլիոն դրամ` «Լույս» կրթական հիմնադրամին

Արդշինբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ նպատակ ունենալով աջակցել  աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին: Բանկն արդեն հինգերորդ անգամ է կատարում նվիրատվություն ի նպաստ «Լույս» հիմնադրամի, և այս տարի նույնպես Բանկի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները կկիրառվեն հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով:

Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց, որ որակյալ ուսումնական և կրթական ծրագրերի աջակցությունը Բանկի սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր ուղղություններից մեկն է: Նա բարձր գնահատեց «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում խելացի և տաղանդավոր երիտասարդներին ձեռք բերել այնպիսի արդիական, որակյալ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը:

«Այսօր ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում և ես առավել քան համոզված եմ, որ հենց նման կրթված երիտասարդների միջոցով է հնարավոր արդյունավետ կերպով ճիշտ գնահատել բոլոր մարտահրավերները, լինել մրցունակ, ներկայանալի և ճիշտ կողմնորոշվել անընդմեջ փոփոխվող աշխարհում», – նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Share