Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Վարդահովիտ համայնքն ամբողջությամբ լուսավորված է

Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքում, որտեղ 1989 թվականից բնակվում են փախստական և մարզի տարբեր գյուղերից այստեղ տեղափոխված ընտանիքներ, արտաքին լուսավորության համակարգ երբևիցե չի եղել:

Այսուհետ Վարդահովիտի փողոցների լուսավորությունը կապահովեն 1,6 կմ երկայնքով տեղադրված 45 LED լուսարձակները։ Արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքի ստեղծումը հնարավոր է դարձել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում։

Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վարդահովիտ համայնքի ղեկավար Սամվել Գևորգյանը և բնակիչներ:

«Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելը ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է՝ որպես երկրում սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուծման նախապայման: Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում, ու արդեն՝ նաև Վարդահովիտում, արտաքին լուսավորության LED համակարգերի կառուցումը՝ իր երկարաժամկետ դրական ազդեցության շնորհիվ, կնպաստի բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Համայնքի բնակիչների ուրախությունն ու ոգևորությունն է՛լ ավելի են  քաջալերում մեզ և ապացուցում ծրագրի հիմքում ընկած՝ սոցիալական պատասխանատվության ռազմավարության արդյունավետությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային  միջոցների խնայումը նպաստում է  գյուղական կյանքի աշխուժացմանը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

—————–

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share