Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. Երևանում հանդես եկավ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պատրաստած տոնական անակնկալի շրջանակներում դեկտեմբերի 25-ին նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես եկավ իտալացի մեծահամբավ բանդոնեոնահար, ակորդեոնահար, հայ հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։

Երիտասարդական նվագախումբն իր նախագծերը կյանքի է կոչում գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Երկու կառույցների բազմամյա համագործակցության արդյունքում հանդիսատեսը վայելել է մեծաթիվ նորարարական նախագծեր, Հայաստան են ժամանել աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ, կայացել են Երիտասարդական նվագախմբի հյուրախաղերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ առցանց հեռարձակվել են կոլեկտիվի համերգները՝ ամբողջ աշխարհին հաղորդակից դարձնելով հայկական կատարողական արվեստին ու ներկայացնելով մեր հարուստ մշակույթը։

«Դասական երաժշտությունը մշտապես աջակցության կարիք ունի։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, քաջ գիտակցելով բարձրարժեք արվեստի նշանակությունը հասարակության կյանքում, նրա դաստիարակչական դերը, անգնահատելի ներդրում է ունենում մշակույթի պահպանման և զարգացման գործում։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհակալ աշխատանքը բարձր է գնահատվում ինչպես մասնագետների, երաժիշտների, այնպես էլ արվեստասեր հանրության կողմից», – ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետևողական աշխատանքի արդյունքն ակնհայտ է. ի դեմս նվագախմբի ունենք կատարողական բարձր արվեստ ներկայացնող երաժիշտներ, ում կատարումների նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն Հայաստանում նրանց մշտական երկրպագուների կողմից, այլև՝ երկրի սահմաններից դուրս: Ուրախ եմ տարիների մեր համագործակցության համար, որի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ միջազգային ասպարեզում հասակ առած ու լայն ճանաչում ձեռք բերած երաժիշտ կատարողները հավասարը հավասարի են ընդունում երիտասարդական նվագախմբին՝ նրբաճաշակ հայ երկրպագուների առջև հանդես գալով համատեղ նախաձեռնություններով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականն ամփոփում են անսահման զգացմունքային, արտիստիկ ու ինքնատիպ երաժշտի՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգով։ Երաժիշտ, ով հաճախ է հանդես գալիս հայաստանյան բեմում, ում համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում, չդադարող բիսերով: Երաժիշտ, ով ամեն անգամ նոր, հետաքրքիր ծրագրեր է ներկայացնում մեր ունկնդրին։ Այս անգամ նույնպես Պիետրոդարկին նվագախմբի հետ ներկայացրեց թարմացված երգացանկ։ Երեկոյի ընթացքում հնչեցին արգենտինական տանգոյի արքա Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Հանդիսատեսն ունկնդրեց կոմպոզիտորներ Տոմազո Զիլիանիի, Ռոբերտո դի Մարինոյի, Չեզարե Կիակիարետայի, Կարլոս Գարդելի գործերից։ Համերգի ընթացքում հանդես եկավ նաև մեցո-սոպրանո Սոֆյա Թումանյանը։

Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն անվանափոխվել է և այսուհետև հանդես է գալու որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։

Share