Բաժին. Սոցիալական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ՝ մարդիկ շատ տարբեր են, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հատուկ հարմարեցված միկրոավտոբուս է գնել։

«Միայն 2017թ-ի ընթացքում  2-ից 18 տարեկան շուրջ 120 երեխա, որոնց մեծ մասի մոտ առկա են հենաշարժողական խնդիրներ, վերականգնողական աջակցություն են ստացել կազմակերպության «Անկախ կյանք» կենտրոնում։ Շահառուները ոչ միայն Երևան քաղաքից են, այլև հարակից մարզերից, և հասկանալի է, որ նրանք մինչև կենտրոն հասնելը խոչընդոտների են հանդիպում։ Մենք չէինք կարող անմասն մնալ և չաջակցել այս կենտրոնի աշխատակիցների կողմից  իրականացրած մեծածավալ և չափազանց կարևոր աշխատանքին։ Միկրոավտոբուսը ծառայելու է նրան, որ երեխաները անվճար տեղափոխվելու են տնից վերականգնողական կենտրոն և հակառակը. հուսով ենք, որ մեր փոքրիկ ներդրմամբ տեղափոխման խնդիրը լուծում կստանա»,-իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Անկախություն ստանալու համար երեխաների մոտ պետք է զարգացնել կարողությունները: Մեր  կենտրոնում երեխաները ստանում են մակրո և միկրո միջավայրում անկախության հմտություններ, որը  ներառում է նաև ինտեգրում հասարակությունում: Շատ կարևոր է, որ հասարակությունը կարևորի բազմազանությունը․ մարդիկ շատ տարբեր են մաշկի, աչքերի գույնով, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել: Մինչ այս խնդիրներ էինք ունենում միջոցառումների, ամառային ճամբարների և այլ տեղեր երեխաների խմբակային տեղափոխման ժամանակ։ Այսուհետ այդ խնդիրը չենք ունենա»,- իր խոսքում նշեց  «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։

«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի անվճար հիմունքներով խորհրդատվության և ուղղորդման տեսքով աջակցություն է ցուցաբերում տարբեր տարիքային խմբերի սահմանափակ առողջական հնարավորություն ունեցող 1000-ից ավել քաղաքացիների։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

Share