Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին

Սոցիալական բեռ դարձած հարցերի կարգավորումը թույլ է տալիս բարձրացնել ընտանիքի կյանքի որակը: Դրա անհրաժեշտությունը զգում են հատկապես մարզերում ապրողները, որոնց համար տուն կառուցելու ձգտումը դառնում է օտար ափերում լուծում փնտրելու և արտագաղթի ճանապարհը բռնելու պատճառ: Երկիրը հայրենիք պահելու համար, մինչդեռ, նրանց անհրաժեշտ է մնալ սեփական հողում և ունենալ երազելու, ապրելու և հաջողության հասնելու  հավատ: Հայաստանի տարբեր մարզերում տարիներ առաջ տան խնդիր լուծած ընտանիքները փորձում են նոր նպատակներ սահմանել և հասնել դրանց իրականացմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը, տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը. կառուցվել կամ վերանորոգվել են տներ՝ 56 համայնքի 150 ընտանիք համար: Ծրագիրը շարունակության իրավունք է վաստակել նաև 2018 թվականին: Կողմերը ստորագրել են ընթացիկ տարվա պայմանագիրը:

«Որոշումը կայացված է, պայմանագիրը՝ ստորագրված: Մենք այս տարի ևս լինելու ենք «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողքին՝ մեր հայրենակիցների տարիների երազանքն իրականացնելու համար: Նոր մարտահրավերներն ու տնտեսական իրավիճակը պարտավորեցնում են հստակեցնել հաշվարկները, սակայն, երբ տեսնում ենք, թե ինչպես են տարիներ առաջ տան խնդիրը հաղթահարած ընտանիքները հաստատվել և վստահ նոր երազանքներ են սահմանում, ձգտում ենք օգտակար լինել՝ մեր հնարավորությունների սահմաններում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանը:

«Սա մի ծրագիր է, որի արդյունքը գնահատվում է մարդկանց կյանքի որակի փոփոխությամբ, վաղվա օրվա նկատմամբ՝ նրանց աչքերում հայտնված հավատի փայլով: Թեև զգալի աշխատանք է կատարվել, սակայն տարիների համագործակցությունը մենք գնահատում ենք ավելի կարևոր արդյունքով՝ մարդկանց հոգում արթնացած հավատով»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

Գործակցության մեխանիզմները հստակ են. ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»՝ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, ընտանիքում անչափահասների առկայությունը, բազմանդամությունը և մի շարք այլ չափորոշիչներ: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաև, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share