Բաժին. Սոցիալական

Գործատուն միայն մի դեպքում կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը․ կառավարության նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Վարչապետի կայքից։

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը: Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած նախագծով առաջարկվում է գործատուին հնարավորություն ընձեռել պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաև աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը, այսինքն՝ օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծին: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է և ներկայում շրջանառվում է կառավարությունում, որով տրվել է Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած առաջարկությանը նմանատիպ, առավել համապարփակ, կարգավորում: Առաջիկայում նշված նախագիծը կառավարության հավանությանն արժանանալուց հետո օրենսդրական նախաձեռնությամբ կներկայացվի Ազգային Ժողով: Այդ կապակցությամբ նախագծի հեղինակներին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ իրենց օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ Կառավարության կողմից ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում:

Գործադրի որոշմամբ հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված և «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում ՀՀ 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի մնացորդ հաշվառված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները: Նախագծի նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, շուրջօրյա խնամքի հաստատություններից երեխաներին ընտանիք վերադարձնելը և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը, ինչպես նաև տարեցների տուն-ինտերնատում բնակվող տարեցներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Նախագծով նախատեսվել է որպես սոցիալական աջակցություն գույք հատկացնել ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին, նվիրաբերել ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությանը՝ որպես պետության կողմից ներդրված համաֆինանսավորում, ինչպես նաև գույք ամրացնել տուն-ինտերնատին։

Share