Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Առաջին Ամանորը` նոր բնակարանում

Ավդալյանների ընտանիքի համար Ամանորի ամենամեծ հրաշքը նոր կառուցված բնակարանն է. լավագույն նվերը՝ բոլորի համար: Ութ տարի ձգձգվող շինարարությունը վերջապես ավարտվել է՝ գործընկեր կառույցների աջակցության շնորհիվ: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող երիտասարդ ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի և  Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի՝ 2018 թվականի շահառուներից վերջինն էր:

Մինչև բնակարանամուտ տոնելը Սարմենն իր ընտանիքով տարիներով բնակվել է ծնողների՝ փոքր բնակմակերեսով տանը: Նոր տարվա մեկնարկը լուսավոր է եղել ընտանիքի համար: Երկու երեխաների երիտասարդ մայրը՝ Արևիկը, մեծ եռանդով ու հաճույքով է կահավորում տարիների երազանքի իր անկյունը:

«Այնքան երկար եմ երազել սեփական խոհանոցի, սեփական անկյուն ունենալու մասին: Նոր տարին սեփական հարկի տակ դիմավորելուց լավ բան չկա աշխարհում: Թող այս Նոր տարին բոլոր ընտանիքներին ուրախություն պարգևի»,- ասել է Արևիկը:

Գործընկեր կառույցների ղեկավարները, երիտասարդ ընտանիքի հետ՝ կիսել են Ամանորի և բնակարանամուտի ուրախությունը:

«Սոցիալական խնդիրներով պայմանավորված` շատ ընտանիքներ ստիպված են լինում անցնել աննկարագրելի դժվար ճանապարհով: Դա մեծ խնդիր է, որը հնարավոր չէ անտեսել: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ ցուցաբերվող աջակցության շնորհիվ մարդկանց ոտքի կանգնելու հնարավորություն տալն է: Նա, ով մեկ անգամ հաղթահարում է հուսահատությունը, մեկընդմիշտ կարող է փոխել իր վերաբերմունքը խնդիրներ լուծելու հանդեպ: Կարծում եմ՝մեզ հաջողվել է մարդկանց մոտ արթնացնել այդ վստահությունը: Ամենակարևոր ձեռքբերումը սեփական ուժերի նկատմամբ  հավատի վերականգնումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տասը տարի առաջ մեկնարկած համագործակցությունը արգասաբեր է եղել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 162 ընտանիքի համար: Շեշտը դնելով սահմանապահ գյուղերի վրա, բայց չանտեսելով նաև ամենատարբեր պատճառներով տնազուրկ ընտանիքների խնդիրները, գործընկերները տարիներ շարունակ փորձել են անհատական մոտեցմամբ լուծել տարբեր ընտանիքների բնակարանային խնդիրները:

«Ամանորը ընտանեկան տոն է և ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում ընտանիքը կարող է այն տոնել սեփական հարկի տակ: Այս ընտանիքն այսուհետև իր «ամրոցն» ունի և լիահույս է ապագայի նկատմամբ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները՝ գործընկերները քննարկել են նաև 2019թ.-ին իրականացվելիք ծրագրի հետ կապված հարցեր:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  մոտ 700 ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share