Բաժին. Սոցիալական

Beeline և Գաֆէսճեան արվեստի կենտրոն. մեկնարկում է «ԴիզայնԼաբ. Աթոռներ» համատեղ կրթական ծրագիրը

Մայիսի 10, 2019, Երևան: Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը մայիսի 10-ին ազդարարեց Beeline-ի աջակցությամբ իրականացվող «ԴիզայնԼաբ. Աթոռներ» ծրագրի մեկնարկը:

11 տարեկանից բարձր դպրոցականների և նրանց ընտանիքների համար նախատեսված այս ծրագրի նպատակն է խթանել մասնակիցների ստեղծագործական մտածողությունը, զարգացնել դիզայներական հմտությունները և նրանց ծանոթացնել կիրառական արվեստի հիմնական առանձնահատկություններին:

Որպես կիրառական արվեստի նմուշ՝ ընտրվել է ամենագործածական կենցաղային իրերից մեկը՝ աթոռը: Ծրագրի մասնակիցները նախ կուսումնասիրեն ԳԱԿ Շարժասանդուղքների սրահում ցուցադրված յուրօրինակ աթոռները «Ջերարդ Լ. Գաֆէսճեան» հավաքածուից, որից հետո երիտասարդ դիզայներների օգնությամբ ԳԱԿ Ստեղծագործական սրահում կպատկերեն իրենց սեփական դիզայներական աթոռը:

«Կարևորելով թանգարանային կրթության նշանակությունը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր տասնամյա գործունեության ընթացքում բազմաթիվ կրթական ծրագրեր է իրականացրել: Ուրախ ենք, որ մեր շարունակական կրթական ծրագրերի ցանկը համալրվեց ևս մեկով: Հատկանշական է, որ «ԴիզայնԼաբ. Աթոռներ» ծրագրին կարող են գրանցվել ոչ միայն դեռահասները, այլև նրանց ընտանիքները: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր վաղեմի գործընկերոջը՝ Beeline-ին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Մենք միշտ բարձր ենք գնահատում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախագծերը: Կարծում եմ՝ դրանք կրթության ժամանակակից մոտեցումների կիրառման շատ լավ օրինակներ են և մեր երիտասարդներին մեծ հնարավորություններ են տալիս՝ զարգանալու և արվեստի ոլորտում առաջ գնալու հարցում։ Շատ ուրախ ենք մասնակցել նման նախաձեռնություններին և մեր պայծառ երիտասարդությանը ստեղծագործելու հնարավորություն տալ», – նշեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Beeline»-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր:

———–

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մասն է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է «NASDAQ» և «Euronext Amsterdam» բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share