Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Ընթացիկ տարվա շինարարական աշխատանքերի մեկնարկը տրվել է Փարպի գյուղից

Մետաղական վագոն-տնակներից, կիսակառույցներից և հուսահատությունից ընտանիքներին հանելու նպատակը շարունակում է իրագործվել՝ համակարգված ծրագրի տեսքով:  ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարվա շինարարությունն սկսել են Փարպի գյուղից: Կողմերի գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անապահով ընտանիքներին հնարավորություն է տալիս սեփական ուժերով, ինչպես նաև կամավորների աջակցությամբ՝ կառուցել հարմարավետ բնակարան: Ծրագիրն էապես նպաստում է այդ ընտանիքների կյանքի որակի բարելավմանը։

Կնյազյանները տևական ժամանակ՝ 20 տարի, ապրում են մետաղական վագոն-տնակում։ Նրանք այստեղ են տեղափոխվել ամուսնությունից հետո և ապրել տարրական պայմանների բացակայության պայմաններում: Ընտանիքի հայրը՝ Սերգոն, փորձել է տուն կառուցել, սակայն անավարտ շինարարությունը կիսակառույց պատերից այն կողմ չի անցել: Ֆինանսական ռեսուրսների բացակայությունն ու առկա բազմաթիվ խնդիրները հաղթել են գործադրվող ջանքերին: Ընտանիքը շարունակել է ապրել մետաղյա տնակում՝ փայփայելով մի օր տուն ունենալու երազանքը:

«Ես և որդիս շատ ենք աշխատում ընտանիքի ամենօրյա կարիքները հոգալու համար։ Սակայն տան շինարարությունը շարունակել չենք կարողանում։ Ապրում ենք առանց որևէ պայմանների. տնակում չկա ո՛չ լոգարան, ո՛չ խոհանոց։ Միայն խոնավություն՝ անձրևից հետո, և սառը պատեր։ Ձեր աջակցության շնորհիվ կիրականանա ընտանիքիս՝ տուն ունենալու վաղեմի երազանքը»,- ասել է ընտանիքի հայրը՝ Սերգոն։

Գործընկեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով միացել են շինարարությանը՝ տուն կառուցող ընտանիքին վերադարձնելով լուսավոր ապագայի հույսը:

«Սկսում ենք տարվա առաջին շինարարությունը: Այս ընտանիքի՝ տարիների սպասումն իրականացնելու են մարդիկ, որոնց միավորել է հայրենակցին օգտակար լինելու ցանկությունը: Դա ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն է: Ուրիշին օգնելու սրտացավությունը, այդ հոգատարությունը, կամքն ու նպատակը շատ կարևոր են՝ կառուցվող տան համար: Համոզված եմ, որ դրական այս էներգիան ուրախությամբ ու լույսով է լցնելու տունը: Եվ եթե բոլորը միավորվեն մեկը մյուսին օգտակար լինելու համար՝ լավ երկիր կունենանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Կնյազյանների ընտանիքը կզգա սեփական տանիք ունենալու բերկրանքը։  Անչափ կարևորում եմ նաև կամավորական աշխատանքներով աջակցություն ցուցաբերելը։ Մեր նպատակն է աջակցել տան կառուցման հարցում և ներշնչել հավատ՝ ապագայի հանդեպ»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 700 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share