Բաժին. Սոցիալական

Beeline. Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին ԹՈՒՄՈ Գյումրիում ներկայացվեց «Արվեստանոց» ցուցադրությունը

Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը հուլիսի 9-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտևի մինչև հուլիսի 31-ը:

Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունը տեղի էր ունեցել դեռևս 2018 թ. փետրվար – հունիս ամիսներին: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:

«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այդ նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ ԹՈՒՄՈ-ի Գյումրու՝ Հայաստանի մշակութային կիզակետ հանդիսացող քաղաքներից մեկի մասնաճյուղում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաև հայտնում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ «Արվեստանոց»-ը մայրաքաղաք Երևանից Հայաստանի մարզերին հասցնելու շրջանակում համագործակցության համար», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 10 տարեկան է, և այդ տարիների մեծ մասը մենք եղել ենք նրա կողքին՝ աջակցելով կենտրոնում իրականացվող հիանալի նախագծերին: Շատ լավ է, որ մեր երիտասարդներին արվեստի հետ ծանոթացնելու գործընթացը դուրս է գալիս Երևանից և տարածվում մարզերում: 10-ամյակը լավ առիթ է ոչ միայն ամփոփելու կատարված աշխատանքը, այլև առաջ գնալու և ավելի մեծ ծրագրեր մշակելու», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

——————————

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը 13-16 տարեկան երիտասարդների առաջնորդական խումբ է, որը  ստեղծվել է 2017թ.՝ նպատակ ունենալով կառուցել շարունակական հարաբերություններ  պատանիների հետ, կարևորել նրանց բազմապիսի հետաքրքրությունները և կարիքները՝ Կենտրոնը դարձնելով սիրելի վայր բոլոր դեռահասների համար, ներգրավել նրանց մշակութային միջավայրի մեջ որպես ակտիվ դերակատարների, միևնույն ժամանակ խթանել նրանց ստեղծարար մտածողությունը և տեսողական գրագիտությունը, նպաստել հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդական հմտությունների զարգացմանը:

Share