Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. Աղավնաձորում կլուծվի կիսակառույց տան և թեքահարթակի խնդիր

Կիսամութ սենյակներ՝ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ և էլի խնդիրներ… Բաբայանները տան շինարարության խնդիր ունեն՝ տևական ժամանակ: Ավելի քան չորս տասնամյակ առաջ կառուցված տունը հոգատար ձեռքերի անհրաժեշտություն ունի: Ընթացիկ գործեր այս տանն արվել են, սակայն կառույցի հիմնանորոգման կարիք, այնուամենայնիվ, կա: Առանց աջակցության խնդիրը չի լուծվի: Պատճառներն օբյեկտիվ են. տան ավագ որդին՝ Ալիկը, տեղաշարժվում է անվասայլակով: Դժբախտ պատահարի հետևանքով, նման վիճակում է հայտնվել տասներեք տարի առաջ: Թեև կրտսեր եղբոր՝ Արծրունի հետ, աշխատում են, սակայն վաստակածով լուծում են միայն առօրյա հոգսերը: Ամուսնու անժամանակ կորստից հետո, որդիներին միայնակ մեծացրած մայրը՝ Սոնան, երազում է իր և ամուսնու ձեռքերով կառուցված օջախը նորից ամուր ու բարեկարգ տեսնել:

«Տունը կառուցել են ծնողներս: Ընթացքում առաջացած խնդիրները լուծվել են մասնակի: Սենյակներում կա լուսավորության խնդիր: Նոր պատուհաններ բացելու, իսկ հները՝ փոխելու անհրաժեշտություն կա: Պատշգամբը որոշ հատվածներում քանդվում է: Կա նաև տանիքի խնդիր, որը մասնակի ենք լուծել: Թեքահարթակս փայտից է և վաղ թե ուշ՝ շարքից դուրս կգա: Ձմռանը տեղաշարժվելու խնդիր կունենամ: Եվ առհասարակ՝ եթե քայլեր չձեռնարկենք, ապա տարիների ընթացքում տունը կփլուզվի»,-ասել է ավագ որդին՝ Ալիկը:

«Մեր տունն անձրևաջրերի հեռացման համակարգ չունի: Դրա հետևանքով պատերը տարիներ շարունակ խոնավացել են ու սկսել քանդվել: Արդեն տասնհինգ տարի այդ վիճակն է: Վերակառուցելու հնարավորություն չենք ունեցել: Խնդիրն այդպես էլ մնացել է: Իմ երազանքն է՝ օջախս նորից լուսավոր ու մաքուր տեսնել»,-ասել է ընտանիքի մայրը՝ տիկին Սոնան:

Բաբայանների տան խնդիրը հայտնվել է ծրագիր իրականացնող գործընկերների ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչև տարեվերջ, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ապրող այս ընտանիքին կհաջողվի լուծել տարիների խնդիրը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share