Սոցիալական | 17:50 05/08/19

Ապագա հիմնադրամ. Մեկնարկեց «Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում» ծրագիրը

«Ապագա» հիմնադրամը, Մանկական զարգացան հիմնադրամը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայտարարեցին «Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագիրն իրականացվում է «Ապագա» հիմնադրամի ֆինանսավորմամբ և նպատակ ունի մի կողմից կյանքի դժվարին իրավիճակում գտնվող զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ապահովել անվճար մասնագիտական ծառայությունների մատուցում, մյուս կողմից, հոգալ այդ երեխաների ծնողների զբաղվածության հարցը՝ ապահովելով անհրաժեշտ վերապատրաստումներ, դասընթացներ և համապատասխան աշխատանք:

Ծրագրով նախատեսվում է փորձարկել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և նրանց ընտանքիների ուժեղացման մի մոդել, որը ենթադրում է պետության, տեղական բիզնեսի, ֆինասնավորող հիմնադրամի և մասնագիտական ծառայություն մատուցող հիմնադրամի համագործակցություն։

«Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը նշեց, որ հիմնադրամի գործունեությունը միտված է աջակցելու կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին և հիմնադրամի կողմից իրականացված գործո¬ղություններն ուղղված են անհատի և ընտանիքի կյանքի շղթայի բոլո՛ր օղակներում առկա խոցերի քայլ առ քայլ վերացմանը: Այս ծրագիրը և համագործակցության այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում արդյունավետ կերպով լուծել առաջացած խնդիրները, առողջացնել և ուժեղացնել ընտանիքը՝ օգնելով նրանց կառուցել բարեկեցեցիկ ապագա:

Մանկական Զարգացման հիմնադրամը՝ հանդիսանալով ծրագրի գործընկեր ոչ միայն զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի ճիշտ կազմակերպմամբ և մասնագիտական ծառայությունների մատուցմամբ, այլ նաև առանձնակի ուշադրություն է հատկացնում արդյունավետ և հասցեական սոցիալական աշխատանքին, որն է՝ ընտանիքի կարիքների գնահատում, բազմակողմանի զարգացման պլանի մշակում և իրականացում:

Մանկական Զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց. «Ծրագրի գաղափարն ու իրականացումը հնարավոր է դարձել ՄԶՀ-ի երկարատև կուտակված փորձի, գործըներ հիմնադրամի կողմից խնդրի կարևորվման, տեղական բիզնեսի պատրաստակամության և պետության հետ համագործակցության արդյունքում։ Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում սոցիալական ոլորտում հեռանկարային փոփոխությունների տանող քայլերին և ստանձնում պատասխանատվություն հետաքրքրված շահգրգիռ կողմերով՝ առհասարակ կենտրոնում դնելով երեխայի և ընտանքի ուժեղացման շահը։ Եվ այս ձևաչափը հնարավորություն է տալիս համագործակցության արդյունքում համատեղել ամբողջական ջանքերն ու ռեսուրսները՝ հստակ պլանավորած ժամկետներում առողջ մտածողությամբ անհատներ ապա ընտանքիներ և հասարակություն ունենալու համար»։

Ծրագիրը իրականություն դարձնելու հարցում առանցքային դեր է խաղացել նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, քանի որ նրա և ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ ծրագրում ընդգրկված մայրիկներն ապահովել կայուն աշխատանքով «Երեմյան Փրոջեքթս»-ին պատկանող արտադրամսում:

«Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում» ծրագրի առաջին փուլում նախատեսված է ընդգրկել մինչև 10 երեխա: Ծրագրի առաջին փուլի տևողությունը 6 ամիս է: