Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Լուսավորության՝ «ինքնաշեն լուծումը» կփոխարինվի LED համակարգով

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ուղիղ գծով 700 մետր հեռավորություն և շուրջ 10 կմ երկարությամբ շփման հատված ունի հարևան երկրի հետ: Հակառակորդի կողմից թիրախավորվելու առումով՝ ամենառմբակոծված գյուղերից է համարվում հանրապետությունում: Սրանք Տավուշի մարզի՝ համայնքների մասին ներկայացված պաշտոնական տվյալներից են:

Գյուղի առաջնային խնդիրներից է արտաքին լուսավորությունը: Մեկ տարի առաջ, սեփական ուժերով փորձել են լուծել այն: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ խնդիրը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես՝ ինչպես հնարավոր է եղել: Գործի է դրվել հնարամտությունը՝ հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու համար: Տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին ամրացվել են լուսատուներ: Իսկ դրանք անձրևաջրերից պաշտպանելու համար՝ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: Գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը համոզված է, որ լուսավորության խնդրի լուծման դեպքում, հակառակորդը չի համարձակվի ակտիվություն դրսևորել կամ հետախուզության փորձ անել:

Գյուղի «ինքնաշեն» լուսավորությունը շուտով կփոխարինվի LED համակարգով: Այդ հարցում, երիտասարդ վարչական ղեկավարին և գյուղին աջակցելու պատրաստակամություն են հայտնել մարզերում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները: Ներքին Կարմիրաղբյուրն հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրնում: Բնակչության թվի աճ արձանագրող գյուղի համար նման աջակցությունը կարևոր է:

«Երբ ծրագիրն իրականացվի և գյուղը լուսավորվի մինչև գիշերվա 3-ը՝ հակառակորդը չի համարձակվի մտածել հետախուզության մասին: Մենք փորձել ենք խնդիրը լուծել, սակայն դա արել ենք մեր հնարավորության սահմաններում: Նման աջակցությունը շատ կարևոր է մեզ համար: Գյուղացուն պետք են խաղաղություն, աշխատանք և ուշադրություն՝ անտեսված չզգալու համար»,-ասել է գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը:

Ընթացիկ տարում, Ներքին Կարմիրաղբյուրի արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի: 900 բնակիչ ունեցող գյուղն ունի ժողովրդագրական հուսադրող ցուցանիշ: Տեղի դպրոց է հաճախում 76 աշակերտ, իսկ մանկապարտեզ՝ 42 սան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share