Բաժին. Սոցիալական

Beeline-ի աջակցությամբ 110 դպրոցականներ սովորեցին օգտվել թվային հնարավորություններից

Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում ավարտվեց դասընթացների փուլը:

Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 110 աշակերտներ մասնակցեցին 4 փուլով անցկացված դասընթացներին: Ծրագրի շնորհիվ երեխաներն արդեն կարող են տարբեր տեսակի թվայնացված միջոցներ ընտրել ու գործածել՝ թվայնացված նյութ ստեղծելիս, արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը (Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ)՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս և կազմակերպելիս, գիտեն ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները և դրանց առավելությունները, կարողանում են ստեղծել բովանդակություն:

«Դասընթացների փուլի ավարտին հստակ ընդգծվեց այն փաստը, որ մարզերում ՏՀՏ-ի տարածումն ու դրա կիրառումը շատ հաճախ սկսվում և ավարտվում է սոցիալական ցանցերում կենցաղային շփումներով: Մարզային դպրոցներում հատկապես զգալի է ոչ բավարար տեխնիկական հագեցվածության խնդիրը: Հատկանշական է, որ այս պայմաններում ևս դպրոցականները սիրով, մեծ ձգտմամբ ու շատ արդյունավետ սովորում ու կուտակում են թվային ոլորտի նոր գիտելիք: Տեղական ընկերությունների համար իսկապես շնորհակալ գործ կլինի ներդրում ունենալ և՛ համայնքների դպրոցների համակարգչային տեխնիկական զինման գործում, և՛ երեխաների կրթության առաջընթացում», – նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Թվային տեխնոլոգիաներն աշխարհի ապագան են, և համապատասխան հմտությունները երեխաների առջև անսահմանափակ հնարավորություններ կբացեն, քանի որ այսօր ամենահասարակ սմարթֆոնը և ինտերնետի հասանելիությունը հզոր գործիքներ են ուսման, աշխատանքի և կենցաղի մեջ։ Ուրախ ենք գիտակցել, որ այս նախագիծը մեր երեխաներին տվեց այսօրվա դրությամբ այդքան կարևոր գիտելիքները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Առջևում է աշխատաժողովի փուլը, որ կմեկնարկի հոկտեմբերի 16-ին: Այս փուլում ծրագրի խոսնակները ելույթներ կունենան նոր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և կրթական գործընթացներում դրանց արդյունավետ օգտագործման կարևորության ու դրանց հետագա զարգացումների մասին։ Ինչպես նաև փորձագետները կհանդիպեն համայնքների թիմերի հետ, ինչի արդյունքում երեխաները նախորդ փուլերում ձեռք բերած տեսական և փորձնական գիտելիքները կօգտագործեն՝ ստեղծելով իրենց պատկերացմամբ դասապրոցեսում հետագայում հնարավոր օգտագործվող ՏՏ գործիքներով իրենց մտահղացումները և կներկայացնեն դրանք ժյուրիի գնահատմանը։

Մանկական զարգացման հիմնադրամը գործում է 2002թ.-ից: Հիմնադրամն արդեն 17 տարի է` աշխատում է երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, երեխաների ներդաշնակ զարգացմանը և ներառմանը հասարակություն: Հիմնադրամում, ի լրումն իրականացվող ավելի քան 40 երեխայակենտրոն ծրագրերի, զարգացման առանձնահատկություններ (մանկական ուղեղային կաթված, Դաունի համախտանիշ, աուտիզմ և այլն) ունեցող երեխաների  համար մատուցվում են  հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ: 2002թ.-ից մինչ օրս ՄԶՀ-ում աջակցություն է ստացել  ավելի քան 2000 երեխա:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:  Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:

Share