Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Տնակից` կիսակառույց ճանապարհը չի կրկնվի ընտանիքի երկրորդ սերնդի համար

Արարատի մարզի Լուսաշող համայնքում բնակվող Արամյանների ընտանիքը 25 տարի զուրկ է եղել ապահով տանիքից։ Երկաթյա վագոն-տնակում մեծացած՝ Արամյանների երեխաները հասցրել են ընտանիք կազմել: Նրանց մանկության հուշերի հայրական օջախը վագոն-տնակն է, ապա՝ կիսակառույց մի շինություն, որն իրենց հայրը՝ Մանուկը, վարկով փորձել էր կառուցել, բայց չէր կարողացել: Արամյանների կյանքի հունն արդեն փոխվել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո. կիսակառույցը դարձել է տուն: Մանուկի երազանքը կատարվել է: Ավագ որդու՝ Արամի մանկահասակ 3 զավակներն այլևս ստիպված չեն լինի ապրել այն կյանքով, որը բաժին էր հասել իր երեխաներին: Ծանր հիշողությունները մնացել են անցյալում:

25 տարի ամանորը տան երազանքով դիմավորած Արամյանները վերջապես բնակարանամուտ են տոնել: Նրանց ուրախությունը կիսելու համար, Լուսաշող են այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարները:

«Աննկարագրելի մեծ է ուրախությունս։ Մեր ընտանիքն այսուհետ կապրի արժանավայել պայմաններով ապահովված տանը։ Շատ դժվարություններ ենք հաղթահարել. ապրել ենք թե՛ վագոն տնակում, թե՛ կիսակառույցի մեջ, բայց չենք կորցրել տուն ունենալու հավատը: Շնորհակալ ենք», – ասել է ընտանիքի հայրը՝ Մանուկը։

«Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ երազանքը հեքիաթի նման է. այն ավելի շատ՝ անհավանական թվացող նպատակ է: Բայց գիտեի  նաև, որ  կյանքում միշտ պետք է երազել, քանի որ դա օգնում է ձգտել, պայքարել և հասնել նպատակների իրականացմանը: Այսօր էլ այդ կարծիքին եմ, սակայն անընդհատ առաջ շարժվող աշխարհում, տանիքով ապահովված լինելը պետք է լինի ոչ թե անհավանական թվացող նպատակ, այլ ապրելու համար պարտադիր ու տարրական պայման: Ցավոք, լինում են դեպքեր, երբ նույն վագոն-տնակում կամ կիսակառույցում ապրում է ընտանիքի երկրորդ, երբեմն էլ երրորդ սերունդը՝ անցնելով բարդ, հուսահատեցնող ճանապարհով: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ճիշտ ծրագիր ենք իրականացնում: Յուրաքանչյուր բնակարանամուտի ժամանակ մեծ ուրախություն եմ ապրում, երբ տանտերերի աչքերում՝ իրականացված երազանքների  լույսի շող եմ տեսնում: Դա մեր գործընկերության ամենակարևոր գնահատականն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքը տարբեր տարիների ապրել է տարբեր վայրերում. վագոն տնակ, ապա փոքր քարե սենյակ և կիսակառույց տուն։ Ժամանակն էր, որպեսզի իրենք էլ վայելեն սեփական հարմարավետ տուն ունենալու բերկրանքը և ստեղծեն նոր և վառ հիշողություններ իրենց արդեն կառուցված տանը։ Ուրախ եմ Արամյանների ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տարիների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ միայն Արարատի մարզում կառուցվել է 12 տուն։ Ընթացիկ տարում աջակցություն ստացած ընտանիքների թիվը հատել է 200-ի սահմանը։

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share