Բաժին. Սոցիալական

Կառավարությունն իրականացնում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլեր

Գործադիրն ընդունել է որոշումներ, որոնք միտված են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

Որոշումներից մեկով առաջարկվում է 2020 թ. հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300000 դրամ։ Գործող կարգով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 1-ին երեխայի ծնվելու դեպքում կազմել է 50 հազար դրամ, 2-րդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամ։ Արդյունքում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:

Մեկ այլ՝ չզեկուցվող որոշմամբ նախատեսվում է կարգավորել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 26500 դրամ՝ 18000 դրամի փոխարեն։ Արդյունքում խնամքի նպաստի չափը կավելանա ավելի քան 47 տոկոսով։ Այն կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա: «Նախատեսվում է այս նպաստը սահմանել նաև գյուղական համայքներում ապրող քաղաքացիների համար՝ մի տարբերությամբ, որ նրանք այս նպաստը կստանան՝ անկախ իրենց աշխատելու համագամաքից, բայց եթե նաև աշխատող են, ապա այս գումարը կկրկնապատկվի»,- նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ երկու ծրագրերի համար ընդհանուր առմամբ նախատեսվել է ավելի քան 4 մլրդ 786 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել. «Սա, ըստ էության, մեր խոսակցության կամ նախկինում ունեցած խոսակցության շարունակությունն է: Ի՞նչ ենք մենք այս ուղերձով ասում: Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուզում ենք խթանել մեր քաղաքացիներին, որպեսզի երեխաներ ունենան: Երկրորդ՝ ուզում ենք խթանել աշխատանքի շուկայում կամ համապատասխան հմտություններ ունեցող մայրերին, որ նրանք հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի: «Դայակների» ծրագրի հետ կապված ուզում եմ ընդգծել, որ մենք դրանով խթանում ենք ոչ միայն մայրերին աշխատանքի մեջ ներգրավվումը, որոնք ենթադրվում է, որ աշխատանքի շուկայում որոշակի մրցունակություն ունեն, այլև նրանց, ում մրցունակության աստիճանը մի փոքր ավելի ցածր է: Երբ մայրերը գնում են աշխատանքի՝ աշխատատեղ է բացվում պոտենցիալ դայակների համար: Ես ուզում եմ ասել, որ մեր գաղափարախոսությունն հենց սա է՝ մենք ցանկացած սոցիալական ծրագրի մեջ պետք է դնենք նաև զարգացման էլեմենտ: Սա շատ կարևոր է, որովհետև մարդուն ուղղակի գումար տալը՝ առանց այլ հեռանկար առաջարկելու, ճիշտ մոտեցում չէ»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնել է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման բոլոր ծրագրերը միտված են նաև աշխատանքը խրախուսելուն: Ըստ փոխվարչապետի՝ նախատեսված են նաև այլ նախագծեր, մասնավորապես, նախակրթարանաների հերթերը վերացնելու հետ կապված:

Share