Բաժին. Սոցիալական

Վիվա-ՄՏՍ. Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Գյումրիում վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք: Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են նպաստել այդ գործին: 35 տարվա մետաղյա ճնշող կացարանը ձեռք է բերել նոր նշանակություն. այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար այն դարձել է պահեստ: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը բնակարանամուտ են նշել Եդիգարյանների հետ:

1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, շատերի նման, այս ընտանիքը ևս մնացել է անօթևան։ Վագոն-տնակում երկարուձիգ տարիների կյանքը «պարտադրվել է» Եդիգարյաններին: Ընտանիքի տատը՝ Թամարան, անցել է շատ դժվարությունների միջով։ Երկրաշարժի ժամանակ կորցրել է որդիներից մեկին, իսկ երկրորդը զոհվել է Արցախյան պատերազմում։ Թամարայի երրորդ որդին էլ առողջական խնդիրներ ունի։

Վագոն-տնակում տարիների դժվար կյանքից հետո, Եդիգարյաններին հաջողվել է բնակարան գնել, սակայն սոցիալական և առողջական բազմաթիվ խնդիրների պատճառով՝ չեն կարողացել վերանորոգել այն ու  կեցության պատշաճ պայմաններ ստեղծել։

2019-ին ընտանիքն ընդգրկվել է Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում։ Մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, ընտանիքի՝ տարիների երազանքն իրականություն է դարձել:

«Այսքան դժվարություններից և տառապանքից հետո, կարծես մի լույս բացված լինի։ Նոր հույսերով և հավատով ենք նշում մեր նոր տան բնակարանամուտը։ Շնորհակալ ենք աջակցության համար»,- ասել է Թամարան։

«Սա այն ծրագրերից է, որի արդյունքը գոհացնում է բոլորին. ընտանիքը հասնում է երազանքի իրականացմանը, իսկ աջակցող կազմակերպությունները՝ իրենց առջև դրած խնդրի լուծմանը: Ուրախ եմ արձանագրել, որ մետաղական վագոնն իր անհարմարությամբ այլևս չի ճնշելու արդեն նախկին բնակիչներին: Ավելին, ծառայելու է կարևոր նպատակի՝ այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար: Ուզում եմ հավատալ նաև, որ նոր ու լուսավոր տան մեջ այս ընտանիքը միայն անհոգ օրեր է անցկացնելու»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր կազմակերպությունը Վիվա-ՄՏՍ-ի հետ համատեղ արդեն բազում տարիներ աջակցում է ընտանիքներին հաղթահարել աղքատությունը և դուրս գալ դժվարին սոցիալական պայմաններից։ Ճգնաժամը հաղթահարելու համար կարևոր է, որ ընտանիքն ունենա սեփական՝ արժանավայել պայմաններով ապահովված տուն։ Եդիգարյաններն արժանի էին ունենալու այդպիսի պայմաններ։ Ուրախ եմ նրանց ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք  www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share