Բաժին. Աշխարհ

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԲՅՈՒՋԵԻ ՏՆՏԵՍՄԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հունաստանի կառավարությունը ստիպված է տնտեսման նոր միջոցներ մշակել` բյուջեի եկամուտների կրճատման պատճառով: Նման հայտարարություններով են ներկայանում հունական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսին Հունաստանը 110 մլրդ եվրոյի վարկ էր ստացել ԵՄ-ից ու ԱՄՀ-ից` բյուջեի ծախսերի կրճատման պայմանով: Եվ չնայած 2010 թվականին գրանցված 15,4%-ի դիմաց այս տարի նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ Հունաստանի բյուջեի պակասուրդի առավել ցածր մակարդակ, այնուամենայնիվ, սպասվում է բյուջեի եկամուտների շատ չնչին աճ, և, միևնույն ժամանակ, պետական ծախսերի նվազումը շարունակում է ավելի խորացրել երկրի տնտեսական անկումը:

Այս պայմաններում ԵՄ առաջնորդները  համաձայնել են մեծացնել Հունաստանի վարկերի ժամկետը ևս երեք տարով` հասցնելով յոթ տարվա և կրճատել տոկոսդրույքը՝ հասցնելով այն 4,2%-ի, նախկինում՝  5,2%-ի փոխարեն: Նշենք, որ բյուջեի ծախսերի կրճատման ծրագրի իրականացման հետ կապված Հունաստանում դեռևս շարունակում են խնդիրներ ծագել: «Գոտիների ձգման» հերթական միջոցները նպատակ ունեն ծածկել բյուջեից կարճաժամկետ 1,5 մլրդ եվրոյի շեղումը:

Հունաստանի կառավարության` բյուջետային եկամուտների աճին ուղղված բազմաթիվ միջոցառումներից են հարկերի բարձրացումը, հարկային «ներումը», ինչպես նաև որոշ ապրանքատեսակների փոխանցումը ԱԱՀ 13%-ից 23%-ի կատեգորիա: Բացի այդ, ծրագրվում է սոցիալական վճարումների կրճատումներ, այդ թվում` գործազրկության դիմաց, բազմազավակ ընտանիքներին: Այս ամենը, վերլուծաբանների գնահատականներով, թույլ կտա մինչև 500 մլն եվրո տնտեսել:

Նախատեսվում է, որ  մոտակա ժամանակներում, կաճեն նաև կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները, ինչպես նաև՝ բենզինի հարկը (առանց այն էլ այն ամենաբարձրն է ԵՄ-ում) : Սպասվում է, որ դիզելային վառելիքի գնի կտրուկ աճ կգրանցվի, որն օգտագործվում է հունական տնային տնտեսությունների մեծ մասի ջեռուցման համար: Միևնույն ժամանակ, կբարձրացվեն ծխախոտի, ալկոհոլի և զովացուցիչ ըմպելիքների անուղղակի հարկերը, նաև մեքենաների ճանապարհային հարկը:

Միջոցների փաթեթը կարող է պատրաստ լինել ապրիլին, երբ Աթենք կայցելեն ԵՄ և ԱՄՀ վարկատուները, որոնք պետք է գնահատեն երկրի հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում արված միջոցառումների առաջընթացը:
Share