Բաժին. Աշխարհ

ԱՄՆ-Ն «ՓՐԿՎԱԾ Է». ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԴԵՖՈԼՏ ՉԻ ԼԻՆԻ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման մասին օրինագիծը: Այս փաստաթուղթը, որի շուրջ քննարկումները մի քանի ամիս շարունակ անորոշ և սպասողական վիճակում էին պահում ողջ համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգը, ուղղակիորեն փրկեց ԱՄՆ-ին` սպառնացող դեֆոլտից: Հիշեցնենք, որ մինչ Բարաք Օբամայի կողմից վերջնական հաստատմանն արժանանալը ամերիկյան պետական պարտքի վերին սահմանի բարձրացման մասին օրինագիծը քննարկման էր ներկայացվել ԱՄՆ Սենատում, որտեղ այն ընդունվել էր` ձայների 74 կողմ և 26 դեմ համադրությամբ:

Նշենք, որ ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման նախագիծը նախատեսում է պետական փոխառությունների «առաստաղի» բարձրացում` նվազագույնը 2.1 տրիլիոն դոլարով, և առաջիկա 10 տարիների կտրվածքով պետական բյուջեի պակասուրդի կրճատում` կրկին 2,1 տրիլիոն դոլարով:

ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության տվյալներով` ԱՄՆ պետական պարտքը ներկայումս հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի, և եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվեր, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվեր տեխնիկական դեֆոլտ:

Share