Բաժին. Բիզնես

Անդրեյ Պյատախին. Ես ինձ Հայաստանի մի մասնիկ եմ զգում

Արդեն 7 տարի՝ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) գլխավոր տնօրենն Անդրեյ Պյատախինն է, ով ակտիվորեն նպաստում է Հայաստանում հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Երևանում ֆիքսված կապի արդիականացում, LTE 450 – աշխարհում երրորդ ցանցը՝ Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո, Հայաստանի հեռավոր գյուղերի համար ֆիքսված և անլար կապի նախագիծը, Sevan StartUp գագաթնաժողովը, Beeline Startup ինկուբատորը, և սա Հայաստանում Beeline նախագծերի մի մասն է։ «Բիզնես 24»-ը ներկայացնում է News.am-ի հարցազրույցը Անդրեյ Պյատախինի հետ։

Այս անգամ Անդրեյ Պյատախինի հետ զրուցել ենք ոչ թե բիզնեսի, այլ Հայաստանի հետ հարաբերությունների, երևանյան կյանքի, բնության և հայկական խոհանոցի հանդեպ սիրո և այն մասին, թե ինչու է Պյատախինն ուրախանում, երբ  դարձյալ երկարաձգվում է  իր  պայմանագիրը և նա մնում է Հայաստանում:

Պարոն Պյատախին, Ձեր կերպարն ու գործունեությունն ասոցացվում են Beeline-ի հետ, սակայն եկեք այսօր խոսենք ոչ թե բիզնեսի, այլ Ձեր և Հայաստանի «հարաբերությունների» մասին

Բարդ կլինի պատմել Հայաստանից, առանց Beeline-ի մասին խոսելու, որովհետև այս երկիր առաջին այցերս ի սկզբանե աշխատանքային բնույթի են եղել և հենց գործի բերումով էլ շարունակեցի ապրել Հայաստանում: 2009-2011 թվականներին Վրաստանում էի աշխատում, այդ ընթացքում էլ տարբեր նախագծերի շրջանակում հաճախ էի լինում Հայաստանում: Աստիճանաբար, գործնական այցերի ընթացքում սկսեցի այլ կերպ տեսնել Հայաստանը, այստեղի բնությունն ու գույները, կապվեցի մարդկանց հետ, ընկերական հարաբերություններ ձևավորվեցին: Այնուհետև գնացի Մոսկվա, քանի որ նշանակվել էի «Beeline-Մոսկվա»-ի փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն: Երկու տարի անց՝ 2013-ին, կրկին վերադարձա Հայաստան, արդեն որպես «ՎԵՈՆ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն:

Գիտեք, եթե մարդը չի սովորում այն երկրի լեզուն, որտեղ ապրում է, չի ուսումնասիրում երկիրը, պատմությունն ու մշակույթը, մարդկային փոխհարաբերությունները, ապա դժվար կլինի համարել, թե նա ապրում է այդտեղ: Իսկ Հայաստանում իմ գտնվելը գործուղում անվանել միանշանակ ճիշտ չի լինի. ես ինձ զգում եմ որպես Հայաստանի և Երևանի մի մասնիկ: Այո՛, իմ երակներում հայի արյուն չի հոսում, և ես չունեմ հայկական արմատներ, համենայն դեպս, դեռ չեն հայտնաբերել (ծիծաղում է, խմբ.), այդուհանդերձ Հայաստանն արդեն իմ մի մասն է, ես էլ՝ Հայաստանի:

Հե՞շտ էր արդյոք Վրաստանից հետո այստեղ հարմարվելը:

Հիմա, երբ հետհայացք եմ գցում, հասկանում եմ, որ եթե այստեղ գայի անմիջապես Ռուսաստանից, ապա միայն մեկ տարի կաշխատեի: Որովհետև այդ ժամանակ ընկերությունը բարդ իրավիճակում էր, սակայն դրա գոյությունը շատ կարևոր էր այս  երկրի համար, իսկ երկիրն էլ խորթ ու օտար էր ինձ համար: Պատասխանատվությունն այնքան մեծ էր, որ երբեմն թվում էր՝ չեմ հաջողի: Մի կողմից բիզնես միջավայրն էր ագրեսիվ, և ես ստիպված էի գործի դնել իմ ողջ կենսախնդությունն ու պոզիտիվը, մյուս կողմից էլ՝ բիզնեսից դուրս, մարդիկ այնքան պատրաստակամ էին, պրոֆեսիոնալ, հարազատի նման կարեկից: Սա բավականին շփոթեցնող էր: Իսկ Վրաստանն ինձ տվեց միջմշակութային անցման փորձ, որն օգնեց Հայաստանն ընդունել այնպիսին, ինչպիսին կա…ես արդեն գիտեի՝ ինչ է ինձ սպասվում:

Իսկ հիմա՞: Ինչ է փոխվել Հայաստանում այսքան տարի անցկացնելուց հետո:

Չգիտեմ (ժպտում է, խմբ.), բայց մայրս ասում է, որ ավելի բաց և ուշադիր եմ դարձել: Հաճախ եմ նրան հայկական մրգեր ուղարկում. նա պաշտում է դրանք: Եվ հիմա, ինչպես բոլոր հայերը, առանց հայկական մրգերով լի արկղի Ռուսաստան չեմ մեկնում (ծիծաղում է, խմբ.):

Այստեղ ինձ շատ է դուր գալիս մարդկանց միջև փոխհարաբերությունները, և այն, թե որքան կարևորություն է տրվում դրանց: Իսկ երեխաների հանդեպ վերաբերմունքը…այդպիսի երևույթի ոչ բոլոր երկրներում ականատես կլինես: Իմ երեխաներն էլ են շատ սիրում Հայաստանը, հաճախ են այցելում, ինչն ինձ համար ևս մեկ կարևոր ցուցիչ է: Այստեղ մենք բոլորս լիարժեք հանգստանում ենք, շփվում միմյանց հետ, բացահայտում Հայաստանը, բնությունն ու պատմությունը: Անցյալ տարի տղաս հենց Երևանում սովորեց մեքենա վարել, որովհետև, ինչպես գիտենք՝ նա, ով կարողանում է մեքենա վարել Երևանում, ուրեմն կարող է վարել նաև ամենուր (ծիծաղում է, խմբ.):

Հայաստանի ո՞ր վայրեր եք այցելում ընտանիքի հետ:

Մենք իսկապես շատ ենք սիրում ուսումնասիրել Հայաստանը, ուստի առանց ավելորդ պարծենկոտության ասեմ, որ եղել ենք Հայաստանի գրեթե բոլոր հետաքրքիր վայրերում: Հաճախ ենք այցելում Գառնի-Գեղարդ, նույնիսկ այնտեղի էքսկուրսավար հորեղբայր Սամսոնն արդեն շատ լավ է մեզ ճանաչում ու հարազատ է դարձել: Հիացած եմ Հաղարծինով. Հայաստանի սքանչելի վայրերից մեկն է: Այս մասին առաջին անգամ եմ խոսում, բայց հենց մենք նպաստեցինք, որ այդտեղ ինտերնետի 4G հասանելիություն ապահովվի զբոսաշրջիկների համար: Շատ եմ սիրում Սևանը, հաճախ գնում ենք Արարատյան դաշտավայր՝ արագիլների բույները տեսնելու: Իմիջիայլոց, մեր կայաններից մեկի վրա ժամանակին արագիլները բույն էին հյուսել…

Բայց, անկեղծ ասած, ամենից շատ սիրում եմ Գառնիի «Քարերի սիմֆոնիան», որն ինձ համար անհավատալի ուժ ունեցող տեղանք է: Ամեն անգամ Գառնի գնալիս կանգ ենք առնում այդտեղ, «ականջ դնում բնության ձայնին»… սա մեզ համար հատուկ ծիսակատարություն է դարձել:

Դուք մեծացել եք բազմազգ ընտանիքում: Ու՞մն էր խոհարարի դերը, ո՞վ էր պատրաստում:

Գլխավոր խոհարարը տատիկս էր, որովհետև ծնողներս աշխատում էին, և մեզ համար ուտելիք պատրաստել չէին հասցնում: Իսկ մոլդովացի պապիկս բանակում խոհարար էր, չգիտեմ՝ հիմա ինչպես է այդ ամենը փոխվել, բայց այն ժամանակ խոհարարների ծառայությունը 5 տարի էր տևում, և նա այնքան ժամանակ էր զբաղվել խոհարարությամբ, որ տանը երբեք չէր պատրաստում (ծիծաղում է, խմբ.): Մանկությանս ամենավառ ու տպավորիչ հիշողությունը տատիկիս պատրաստած  դոնդողն է՝ (խոլոդեցը), իսկ ամենասիրելի ազգային ուտեստն օկրոշկան է: Լիպեցկում, ամռան տապին օկրոշկան պատրաստում են սպիտակ կվասից: Առաջին հայացքից այն հայկական սպասին է նման, բայց իրականում տարբերությունը մեծ է. սպասի բաղադրության մեջ կոնկրետ մթերքներ են, իսկ օկրոշկայի մեջ օգտագործում են այն, ինչ այդ պահին աճում է տան այգում:

Քանի որ խոսեցիք խոհանոցից, ասացեք խնդրում եմ, թե Հայաստանում 7 տարի անցկացնելուց հետո ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները հայկական խոհանոցի հետ:

Բարդ հարց է… Այստեղ ամեն ինչ այնքան համեղ է, որ մեկ ուտեստ ընտրելն ու դրանով բավարարվելը լուրջ երկընտրանք է: Ռեստորաններում հաճախ պատվիրում եմ իշլի քյուֆթա, այստեղ ֆանտաստիկ համեղ են պատրաստում նաև գառան կողերը: Ինչ կարող եմ ասել. հայկական խոհանոցը լավագույնն է, որն ընդհանրապես կարելի է պատկերացնել որպես խոհանոց։ Այ այսպիսի բառախաղ:

Գիտենք, որ երկար տարիներ է՝ հայոց լեզու եք սովորում: Ինչպե՞ս է ստացվում:

Հայերենն ավելին է, քան պարզապես լեզու. դա էներգիա է, սեր… Ես գիտեմ նաև գերմաներեն, անգլերեն, մի փոքր էլ վրացերենին եմ տիրապետում, բայց հայերենը…. (ժպտում է, խմբ.):

Եվ ո՞ր լեզուն է ավելի հեշտ Ձեզ համար:

Անգլերենը: Հայերենն իր դարավոր շերտերով, հայկական եզակի մտածելակերպի արտացոլմամբ և քաղաքային ժարգոնով միանգամայն այլ պատմություն է: Ինձ համար հայոց լեզուն շատ կարևոր է. այն տրամաբանություն է, արժեք, հայերենն այն կրողների՝ մեր հաճախորդների աշխարհն է: Եվ մեր հաճախորդների պահանջներն ավելի լավ հասկանալու համար կարևոր է ոչ միայն այդ լեզվի ընկալումը, այլ նաև «վերապրումը»։ Լեզուն, առավել ևս հայերենը, երաժշտություն է, որը պետք է լսել, խորությամբ ընկալել, ապրել այդ տրամադրությամբ:

Հայերեն  եմ խոսում իմ ֆիթնեսի մարզիչի հետ, նաև պայմանավորվել ենք, որ կապի նախարարի հետ էլ հանդիպումները կանցկացնենք հայոց լեզվով, որպեսզի ես գործնականում կիրառեմ. Հայաստանի ընկերներս հաճախ ծիծաղում են վրաս, քանի որ «դասական» հայերեն եմ խոսում և կիրառում եմ հիմնականում գրական բառեր: Օրինակ՝ դուք գիտե՞ք՝ հայերենով ինչպես է թարգմանվում дикобраз-ը…մացառախոզ: Հիմա ես 60-70 տոկոսով տիրապետում եմ լեզվին և կարող եմ երկար զրույցներ վարել:

Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

Բոլոր հաջողություններս ունեն մեկ գաղտնիք. սովորել, սովորել, սովորել…մշտապես:

Իմ կարիերայի ամբողջ ընթացքում ես սովորում եմ… իմ գործընկերներից, ղեկավարներից, կյանքի հանգամանքներից ու իրավիճակներից, նաև ճգնաժամերից: Ես սովորել եմ իմ նորվեգացի և հայ գործընկերներից, սովորում եմ նաև հիմա «ՎԵՈՆ»–ի գործընկերներից, Դմիտրի Բորիսովիչ Զիմինից՝ յուրահատուկ մարդ, ով ստեղծել է Beeline-ը:

Ի՞նչ երազանքներ ունի Անդրեյ Պյատախինը:     

Կյանքի տարբեր փուլերում ունեցել եմ տարբեր երազանքներ: Օրինակ՝ կար ժամանակ, երբ երազում էի կառավարվող ավտոապակիների (стеклоподъёмник) մասին (ծիծաղում է. խմբ.): Երազել եմ սեփական բնակարան ունենալու մասին: Գիտեք, երբ ծնողների հետ ես ապրում նեղ պայմաններում, բնակարան գնելն առաջին թռիչքն է դեպի ազատություն: Եվ նշանակություն չունի, որ դա 10-րդ հարկում է, քանի որ դա էր մատչելի: Իսկ Այսօր Պյատախինը երազում է, որ հայրս իրեն ավելի լավ հետևի (ժպտում է, խմբ.)… բոլորս էլ ինչ-որ պահի սկսում ենք երազել այդ մասին:

Նաև երազում եմ կայթսերֆինգ (kitesurfing) սովորել: Դրա հետ կապված շատ հետաքրքիր պատմություն ունեմ: Առաջին անգամ կայթսերֆինգ փորձեցի մոտ 10 տարի առաջ և միանգամից սիրահարվեցի այդ էքստրիմին ու ազատությանը, որոշեցի, որ պետք է հմտանամ այն տիրապետելու գործում: Կայթսերֆինգի համար քամի է պետք, և ամեն անգամ, երբ գնում էի փորձելու, քամի չէր լինում: Մի անգամ ընկերներիս հետ գնացինք հենց կայթսերֆինգի համար նախատեսված շատ քամոտ վայր, և ի՞նչ եք կարծում… իհակե, այդ օրն անգամ մեկ վայրկյան քամի չփչեց: Արդեն 10 տարի է` սովորում եմ և ուղեկից քամի եմ սպասում սովորածս ամրապնդելու համար (ծիծաղում է, խմբ.):

Հիմա նաև երազում եմ գնալ Կանադա՝ աղջկաս և թոռնիկիս տեսնելու: Հուսով եմ, այս ամենի ավարտից հետո կմեկնեմ: Տոմսեր ունեի հունիս ամսվա․․․

Ի՞նչ կցանականաք  հավելել վերջում:

Ես շատ եմ ուրախանում, երբ ամեն անգամ  երկարաձգում են իմ պայմանագիրը Հայաստանում: Մի օր, իհարկե, ես կհեռանամ Հայաստանից՝ նոր երկիր բացահայտելու, բայց ամեն անգամ, երբ այդ պահը հետաձգվում է, ես անկեղծ, շատ ու շատ ուրախանում եմ:

Share