Բաժին. Բիզնես

Քիմ Քարդաշյանը գրեթե միլիարդատեր է. KKW Beauty-ի 20% վաճառվել է 200 մլն դոլարով

Քիմ Քարդաշյանը իր KKW Beauty գեղեցկության պարագաների բրենդի 20%-ը վաճառել է Coty կորպորացիային։ KKW Beauty-ն գնահատվել է 1 մլրդ դոլար, հետևաբար՝ 20%-ի համար վճարվել է 200 մլն դոլար։ Գործարքի արդյունքում Forbes պարբերականը Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատել է 900 մլն դոլար։ Սա 2020թ.-ին Քարդաշյանների և Coty-ի միջև իրակացված երկրորդ խոշորագույն գործարքն է, մինչ այս Coty-ն 600 մլն դոլարով գնել է Քայլի Ջեններին պատկանող Kylie Cosmetics գեղեցկության պարագաների բրենդի 50%-ը։

Քիմ Քարդաշյանի և Coty-ի գործարքը նախատեսվում է ավարտել 2021թ. սկզբին։ Գործարքից հետո Քիմին կպատկանի KKW Beauty-ի 72%, ևս 8% պատկանում է Քիմի մայր Քրիս Ջեններին։

Հիշեցնենք, որ Քայլի Ջենները Քարդաշյանների ընտանիքի առաջին միլիարդատերն է։ 2020թ.-ին Forbes ամսագիրը նրան ճանաչեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր։ Քիմ Քարդաշյանի ամուսին Քայնե Վեսթի կարողությունը նույնպես միլիարդից անց է։ Forbes-ն այն գնահատում է 1.3 մլրդ դոլար, մինչդեռ Վեսթը պնդում է, որ իր կարողությունը 3 մլրդ դոլարից պակաս չէ։ Ինչևէ, համոզված ենք Քիմի միլիարդատեր դառնալու փաստի արձանագրումը շատ մոտ ապագայի հարց է։

Share