Բաժին. Բիզնես

ԱԺ. Առաջարկվում է սահմանել ավտոմեքենաների վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջներ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հուլիսի 8-ին գումարել է արտահերթ նիստ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է  ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Կորյուն Մկրտչյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որը լրացումներ է նախատեսում «Տեղական ինքնակառավարման մասին», «Առեւտրի ծառայությունների մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` նախաձեռնության նպատակն է օրենսդրորեն սահմանել տրանսպորտային միջոցների վաճառքի համար նախատեսվող վայրերն ու դրանց ներկայացվող պահանջները: Առաջարկվում է համայնքի ղեկավարի աջակցությամբ հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող այն վայրերը, որտեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցի վաճառքը, ինչպես նաեւ սահմանել այդ վայրի վճարի չափը: Հեղինակներն առաջարկում են նաեւ սահմանել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի  չափով, եթե վաճառքի ենթակա տրանսպորտային միջոցը կայանված է չնախատեսված վայրում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծերի փաթեթին:

Share