Բաժին. Բիզնես

Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչվեց

Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստի արդյունքում կայացրել է եզրակացություն, ըստ որի` «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիան պետք է ուժը կորցրած ճանաչվի:

«Հաշվի առնելով, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն մինչև 2018 թվականի հունիսի 25-ը չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին «Օնիրա Քլաբ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի երրրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 2019թվականի մարտի 21-ի թիվ 266-Ն հրամանով «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել»,-նշված է հրապարակված եզրակացության մեջ:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանվում է, որ լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է, եթե կազմակերպիչը սույն օրենքի 14- րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար:

«Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն «Շանգրի Լա» խաղատունը շահագործողն է:

Share