Բաժին. Բիզնես

Անշարժ գույքի շուկան՝ համավարակի պայմաններում

Համավարակով պայմանավորված կանխատեսումներ եղան, թե անշարժ գույքի շուկայում գնանկում կարձանագրվի։ Որքանով կարդարանա պոտենցիալ գնորդի ակնկալիքները, ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում, փորձել ենք պարզել։

Այս թեմայի շուրջ մենք զրուցել ենք  «Սոլիդ Հաուս» ընկերության տնօրեն Արմեն Թադևոսյանի հետ:

Առաջարկում եմ զրույցը սկսել անշարժ գույքի արժեքից։ Ասում են՝ շուկայում գնանկում կա։

– Վերջերս հրապարակվեց ՀՀ Վիճակագրական Կոմիտեի «Հայաստանի Հնրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. Հունվար-մայիս ամիսներին» հաշվետվությունը, համաձայն որի՝ 2020 թվականի մայիսին 2020 թվականի ապրիլի համեմատ արձանագրվել է գնանկում: Այսպիսին է պաշտոնական վիճակագրությունը, բայց եթե ոլորտը խորապես ուսումնասիրենք, իրականությունը փոքր ինչ այլ է։ Փորձեմ մանրամասնել: Ըստ նույն աղբյուրի՝ բնակարանների 1 քառակուսի մետրի միջին շուկայական գինը Կենտրոն վարչական շրջանում եղել է.

  • 2019-ի մայիսին՝ 595 հազար դրամ
  • 2020-ի ապրիլին՝ 670 հազար դրամ
  • 2020-ի մայիսին՝ 668 հազար դրամ

– Փաստորեն ընդամենը 2000 դրամ…

– Զուտ թվերի տեսնակյունից՝ այո, սակայն կրկին անհրաժեշտ է խորանալ գործարքների էության մեջ՝ հասկանալու այդ տարբերությունները:

– Անշարժ գույքի գնի շուրջ պայմանավորվածությունները հաճախ լինում են ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով: Տարածված մոտեցում է, երբ  գնորդը և վաճառողը պայմանավորվում են կոնկրետ գին ԱՄՆ դոլարով, իսկ գործարքի պայմանագրում ֆիքսում են համարժեք ՀՀ դրամը:

– Այս շրջանում՝ 2020թ.-ի ապրիլ-մայիս ժամանակամիջոցում, ԿԲ միջին փոխարժեքը նվազել է և կազմել.

  • 2020-ի ապրիլին 488,66
  • 2020-ի մայիսին 484,12

Այսպիսով կարելի է ենթադրել, որ փոխարժեքի տատանումներն էլ հանդիսացել են այդ տարբերության պատճառը: Ամենահետաքրքիրը, սակայն, ի հայտ է գալիս, երբ համադրում ենք ՎԿ-ի և ԿԲ-ի վերոնշյալ ցուցանիշները համապատասխան ամիսներով (Ապրիլի արժեք/Ապրիլի միջին փոխարժեք, Մայիսի արժեք/մայիսի միջին փոխարժեք). Ստացվում է, որ 1 քմ արժեքը 2020թ.-ի ապրիլին եղել մոտ 1,371 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (670,000/488,66)։ 2020թ.-ի մայիսին եղել է մոտ 1,380 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ (668,000/484,12)։ Ստացվում է, որ անշարժ գույքի գները ոչ միայն չեն նվազել, այլև շարունակել են աճել։

– Իսկ համավարակը որևէ կերպ չի՞ ազդել անշարժ գույքի շուկայի վրա։

– Իհարկե, ազդել է: Մարտին, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, մարդկանց մոտ առկա էր անորոշություն, իսկ սահմանափակումների ռեժիմը որոշակիորեն դադարեցրեց գործարքները: Այնուհանդերձ, նախնական ամրագրումների չեղարկումներ և գործարքից հրաժարվելու դեպքեր գրեթե չենք ունեցել, ավելին՝ եղած մեկ-երկու դեպքն էլ բավական արագ ամրագրվել են այլ գնորդների կողմից: Ըստ էության՝ հիմնականում նրանք, ովքեր ցանկացել են ձեռք բերել բնակարան, ձեռք են բերել։ Համավարակն ավելի շուտ հանգեցրել է գործարքների հետաձգման։ Ունեցել ենք նաև գործարքներ, երբ գնորդները եղել են արտերկրում և լոքդաունի պատճառով չեն կարողացել գալ. Ստիպված են եղել ուշացումով լիազորագրեր ուղարկել։

– Այսինքն, շուկայում հետաձգված գործարքներ դեռ կա՞ն։

– Կարծում եմ՝ հունիսի վիճակագրության մեջ մենք կտեսնենք դա։ Առնվազն մեր տվյալները թույլ են տալիս ակնկալել շուկայի նման պատկեր՝ հունիսին մայիսի համեմատությամբ ունենք գործարքների քանակի մոտ 50-տոկոսանոց  աճ։

Հ.Գ. – «Սոլիդ հաուս»-ը առաջարկում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Արգիշտի 7/10 և Արգիշտի 7/13 հասցեներում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանների ձեռքբերում՝ անմիջապես կառուցապատողից:

Share