Բաժին. Բիզնես

ՀԾԿՀ-ն «Թիմ» ընկերությանը թույլատրեց «Վեոն Արմենիա»100% բաժնետոմսերը գրավադրել «Արդշինբանկում»

Հուլիսի 29-ի կայացած նիստում ՀԾԿՀ-ն թույլատրեց Եսայան եղբայրների հիմնադրած «Թիմ» ընկերությանը «Վեոն Արմենիա» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության 100% բաժնետոմսերը գրավադրել «Արդշինբանկում»:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

ա) որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2020 թվականի հուլիսի 10-ի №242Ա որոշմամբ համաձայնություն է տրվել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր՝ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբում ընդգրկված «Վիմպել-Կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն (այսուհետ՝ «ԹԻՄ» ՍՊԸ)
օտարելուն,

բ) Ընկերության 2020 թվականի հուլիսի 16-ի N204/20-И11 գրությունը, որում նշվել է, որ «Վիմպել-Կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև բաժնետոմսերի համաձայնեցված գնով առուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուրը վարկային միջոցներն են, որի կապակցությամբ «ԹԻՄ» ՍՊԸ-ի և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված միջոցները կտրամադրվեն բանկի կողմից, և վերջիններիս միջև կնքված վարկային պայմանագրով դրանք վերադարձնելու «ԹԻՄ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված կլինի՝ Ընկերության բաժնետոմսերի գրավով, որի կապակցությամբ Ընկերությունը խնդրել է, իր բաժնետոմսերի սեփականության իրավունքը «ԹԻՄ» ՍՊԸ-ին փոխանցելու գործարքի իրականացման նպատակով, համաձայնութուն տալ նշված ՆԱԽԱԳԻԾ բաժնետոմսերը «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության օգտին գրավադրմանը,

գ) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2020 թվականի հուլիսի 23-ի №01/11.1/4022-2020 գրությունը, ըստ որի՝ նախարարությունն առարկություն չունի «Վիմպել-Կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև բաժնետոմսերի համաձայնեցված գնով առքուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող վարկային միջոցների և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ, և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածը՝ Հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ Ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերելուց հետո վերջինիս կողմից «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով տրված համաձայնությունը գործարքի կնքման համար վավեր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:

3. Ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել դրան առնչվող փաստաթղթերը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Share