Բաժին. Բիզնես

Հայ-իռլանդական Buymie ընկերությունը ստացել է 8մլն եվրո ֆինանսավորում

Հայ-իռլանդական Buymie-ն, որը հիմնադրվել է 2016 թ-ին Դևան Հյուզի և Արտավազդ Սոխիկյանի կողմից, ստացել է 5.8 մլն եվրո ներդրում, այս տարվա ընդհանուր ներդրումային ֆոնդը հասցնելով 8մլն եվրոյի։ Ներդրման վերջին շրջափուլը գլխավորել է Wheatsheaf Group-ը, ներդրումներ են ունեցել նաև Act Venture Capita-ը, Sure Valley Ventures-ը, Haatch Ventures-ը և HBAN-ը։

Buymie-ն հանդիսանում է սննդամթերքի առաքման առաջատարն Իռլանդական շուկայում և կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված նրա ծառայությունների պահանջարկը աճում է։ Իռլանդիայում ընկերությունը համագործակցում է հանրահայտ Lidl ընկերության հետ՝ հնարավորություն տալով վերջինիս հաճախորդներին կատարել օնլայն գնումներ և ստանալ իրենց պատվերը ընդամենը մեկ ժամում։

Արտավազդ Սոխիկյանը՝ Buymie-ի տեխնիկական տնօրենը և համահիմնադիրը, նշեց. «Մենք օգնում ենք մեր գործընկերներին՝ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի խանութներին սննդամթերքի արագ առաքման ոլորտում մրցակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին է Ամազոնը։ Մենք կրկնակի հպարտ ենք, որովհետև մեր ամբողջ ծրագրային ապահովումը մշակվել է Հայաստանում։»:

Buymie-ն արդեն գործում է նաև Անգլիայում, որը հանդիսանում է կազմակերպության առաջին ընդլայնումը՝ Իռլանդիայից դուրս։  Վերջերս հավաքված միջոցները Buymie-ին հնարավորություն կտան շարունակել շուկայի արագ ընդլայնումը ինչպես Իռլանդիայում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում, ներկայումս դիտարկվում են Մեծ Բրիտանիայի ևս 15 քաղաքներ:

Անի Դավթյանը՝ Buymie-ի գործառնական բաժնի ղեկավարը, խոսելով Buymie-ի ընդլայնման և նոր ֆինանսավորման մասին նշեց «Արտերկրում իրականացվող բիզնեսի գործառանությունների կազմակերպումը Հայաստանից շատ հետաքրքիր մարտահրավեր է, որը, ի պատիվի մեր թիմի, բավականին հաջողությամբ իրականացնում ենք, իսկ նոր ներդրումը թույլ կտա դառնալ էլ ավելի արդյունավետ՝ նոր գործիքների կիրառման և թիմի մեծացման շնորհիվ»:

Դևան Հյուզը՝ Buymie-ի գործադիր տնօրենը և համահիմնադիրը, նշեց. «Այս ֆինանսավորման շրջափուլը  կօգնի Buymie-ին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի սահմաններում դառնալ առաջատար ընկերություն՝ մթերքի նույնօրյա առաքման ոլորտում։ Բազմաթիվ հաճախորդներ հիասթափված են սովորական առաքման ծառայություններից՝ երկար սպասելաժամանակի պատճառով և ուրախ են տեսնել մեր լուծումը, որը կարող է առաքել մթերքներ ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Մեր և Lidl-ի համագործակցության հաջողությունը ցույց տվեց, թե որքան պահանջարկ կա մեր ծառայության համար, և որքան կարևոր է անխափան առաքումը մանրածախ առևտրի հեղինակությունների համար»:

Ներդրում կատարած Wheatsheaf-ի գործադիր տնօրեն Քեթրին Բուրթը ասաց. «Մենք ոգևորված ենք Buymie-ի ներուժով, և այս ներդրումը համահունչ է Wheatsheaf-ի նպատակներին` սպառողներին տրամադրել բարձրորակ սննդի ընտրություն և կառուցել մեր պորտֆոլիոն սննդի և գյուղատնտեսության ամբողջ մատակարարման ցանցում»:

Share