Բաժին. Բիզնես

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ 0.25 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ` ՄԻՆՉԵՎ 7.25%

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010 թ. մայիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.25%: 2010 թ. ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 2.0 տոկոսային կետով` կազմելով 6.8%:

Խորհուրդը փաստեց, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների աստիճանական խստացման պայմաններում, 12-ամսյա գնաճի տեմպերը շարունակաբար նվազում են: Միաժամանակ սպասվում է, որ համաշխարհային տնտեսության դրական զարգացումների, ամբողջական պահանջարկի վերականգնման, ինչպես նաև 2010 թ. ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների թանկացման պայմաններում գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում կպահպանվի, թեև 12-ամսյա գնաճի տեմպերը կշարունակեն նվազել:

Խորհուրդը գնահատում է, որ մակրոտնտեսական վերոնշյալ հեռանկարների պայմաններում դրամավարկային պայմանների խստացումը պետք է շարունակվի ավելի դանդաղ տեմպերով` նպատակ ունենալով ձևավորել և պահպանել դրական իրական տոկոսադրույքներ կանխատեսվող ողջ ժամանակահատվածի ընթացքում:

Share