Categories: Բիզնես

Ռեկորդի, բիզնեսը փրկելու և շուկայում տարբերվելու համեղ տարբերակ են գտել Եղեգնաձորում

Այն, որ համավարակը հուժկու հարված հասցրեց տուրիզմին և սպասարկման ոլորտին առհասարակ, նորություն չէ։ Ոլորտում գործող ձեռնարկությունների մի մասը փորձեց որոշակիորեն հարմարվել վիրուսի սահմանած խաղի նոր կանոններին, մի մասը դադարեցրեց գործունեությունը, մի մասն էլ փորձեց նոր լուծումներ գտնել։

Եղեգնաձորում Արման Հախվերդյանի Gastro Yard-ի մասին բոլորը գիտեն։ Մինչև համավարակը սա հայտնի ու սիրված տեղ էր նաև արտասահմանցի զբոսաշրջիկների համար։

Համընդհանուր կարանտինի ու փակ սահմանների պատճառով Gastro Yard-ն այլևս օտարերկրացի հյուրերին չէր կարող զարմացնել իր՝ թոնրի խորովածով կամ թոնրում լավաշի թխման գործընթացով։ Աշխատակիցներին անգործ ու անփող տուն չուղարկելու, աշխատատեղերն ու բիզնեսը փրկելու համար սկսեցին չիր ու մրգային լավաշ պատրաստել։ Ու քանի որ դրանով ոչ ոքի զարմացնել չէին կարող. Հայաստանում, այն էլ Վայոց ձորում դա տարածված բիզնես է, տարբերվել էր պետք։

Եվ այսպես, հենց այս հանգամանքներում օրեր առաջ ավարտին հասցվեց աշխարհի ամենաերկար՝ 18 մետր երկարությամբ մրգային լավաշի պատրաստումը.

«Ռեկորդների գրքում գրանցվելու նպատակ չենք ունեցել։ Պարզապես փորձել ենք տարբերվել չրի ու մրգային լավաշի մյուս արտադրողներից։ Որոշել էինք պատրաստել 20 մետրանոց մրգային լավաշ՝ տարեցտարի ավելացնելով երկարությունը, բայց եղանակային վատ պայմանները թույլ չտվեցին շարունակել, և կանգ առանք 18 մետրի վրա», – պատմում է Արման Հախվերդյանը։

Ռեկորդի գրանցման համար գուցե դիմեն համավարակից հետո։ Հախխվերդյանը վստահ է՝ փորձն արդեն ունեն, նոր ռեկորդներ գրանցելը հաստատ խնդիր չի լինի իրենց համար։

Աշխարհի ամենաերկար՝ 18 մետրանոց մրգային լավաշի պատրաստվել է շուրջ 100 կգ սալորի և դեղձի տեսակներից։ Պատրաստման աշխատանքներին մասնակցել է ընդամենը 3 հոգի։

Ռեկորդային երկար մրգային լավաշի տեսանյութը դիտեք այստեղ։

Share