Բաժին. Բիզնես

Ucom Թևութիկունք. Արևելյան քաղցրավենիքի «Պիստակ» խանութ

Ucom-ի Թևութիկունք նախագծի հերթական հրապարակումը արևելյան քաղցրավենիքի «Պիստակ» խանութի մասին է

#Թևութիկունք նախագծի այս հրապարակումը հաստատ անտարբեր չի թողնի մեր քաղցրասեր հետևորդներին։

Սիրիահայ Պէրէճիքլեանների ընտանիքը Հայաստան է եկել 2013թ․ Հալեպից։ Ցանկանալով շարունակել Սիրիայում հաջողությամբ իրականացրած բիզնեսը՝ հրուշակագործ Գէորգ Պէրէճիքլեանը Երևանում բացել է խանութ և այն անվանել «Պիստակ»։ Խանութի անվանումը թերևս պատահաբար չեն ընտրել․ արևելյան խմորեղենի մեծ մասի բաղադրատոմսում անուշահամ պիստակ կգտնեք։

Խանութում վաճառվող շուրջ 50 տեսակի խմորեղենը պատրաստում է տեղում, որդու՝ Վարդանի օգնությամբ։ Գէորգի երեք որդիներից Վարդանն որոշել է շարունակել հայրիկի գործը։

Գէորգը պատմում է, որ համավարակի պատճառով բիզնեսը փոքր-ինչ տուժել է։ Այս տարի զբոսաշրջիկներ չկան, և վաճառքի ծավալը ցածր է։ Չնայած դրան, աշխատում են շաբաթը յոթ օր։ Երբ պատվերները շատ են լինում, աշխատանքի են գալիս վաղ առավոտյան։

– Եթե համավարակը չլիներ, չէի կարողանա ձեզ այսքան ժամանակ տրամադրել։ Այս շրջանում սովորաբար ծանրաբեռնված ենք լինում, – ասում է հրուշակագործը։

Մինչ Գէորգը հմուտ ձեռքերով պատրաստում է կաթի սերուցքով խմորեղենը, հարցնում ենք, թե որն է իրենց հաջողության գաղտնիքը։ Նա ժպտալով պատասխանում է․

– Վարպետի ձեռքերի շնորհքը և իհարկե օգտագործվող հումքի որակը։ Մեր արտադրանքը ստանում ենք լավագույն հումքից, օգտագործում ենք բարձրորակ յուղ, ընդեղեն, համեմունքներ և ամեն ինչ մեր ձեռքով ենք պատրաստում։

Խմորը դնում է ջեռոցը։ Շուտով փոքրիկ խանութի տարածքը լցվում է անուշ բույրով, և մենք անհամբեր սպասում ենք, թե երբ ենք վերջապես համտեսելու թխվածքը։

Եթե Դուք էլ եք ցանկանում վայելել արևելյան անուշեղենը, կարող եք այցելել Տերյան 89/3։ Պատվերների դեպքում կարող եք նաև կապ հաստատել «Պիստակ» ֆեյսբուքյան էջի միջոցով` Pistache Yerevan

Ucom-ն աջակցում է փոքր բիզնեսներին՝ պատմելով նրանց մասին։ Դուք էլ կարող եք աջակցել մեր երկրի փոքր բիզնեսներին՝ տարածելով այս հրապարակումը։

Share