Բաժին. Բիզնես

Ucom Թևութիկունք. Rubenpap Ceramics կավագործական ընկերություն

UcomԹևութիկունք նախագծի հերթական հրապարակումը նվիրված է կավագործության արվեստին։

Օրեր առաջ հյուրընկալվեցինք Rubenpap Ceramics ընկերության արվեստանոց-արտադրամասում։ Ընկերության հիմնադիր Ռուբեն Գևորգյանը և նրա գործընկեր Վարդ Մեսրոբյանը բլյուզի հնչյունների ներքո մեզ պատմեցին իրենց արվեստի, առօրյայի և ապագա ծրագրերի մասին:

Ռուբեն Գևորգյանը կավագործությամբ սկսել է զբաղվել տարիներ առաջ՝ աշխատելով իր տան պատշգամբում և տարբեր արհեստանոցներում։ Այնուհետև հանդիպել է արվեստագետ Վարդ Մեսրոբյանին և մյուս գործընկերոջը՝ Մայք Բոյաջյանին, և որոշել են համագործակցել։ Կատակելով նշում են, որ իրենք կատարյալ եռյակ են, աշխատանքի մեջ փոխլրացնում են իրար, ամեն ինչ միասին են անում։ Նույնիսկ երաժշտական ճաշակն է նման, ինչն այս գործում շատ կարևոր է։

Մայք Բոյաջյանը նախագծում է կենցաղային իրերի մոդելները, իսկ Ռուբենը Վարդի օգնությամբ շունչ և կենդանություն է տալիս այդ մոդելներին։

Կավե կենցաղային իրեր են ստեղծում՝ սպասք, սալիկներ, հուշանվերներ, անգամ լվացարաններ։ Բոլոր իրերն առանձնանում են իրենց անկրկնելի ոճով և գույներով։ Ըստ հաճախորդի ցանկության՝ արտադրում են նաև անհատական սպասք՝ եզակի և չկրկնվող կաղապարներով, հաճախորդի տարբերանշանով և անհատական մակագրությամբ։

Այս տարի պատրաստվում են նաև ճենապակյա սպասք արտադրել՝ farforA ապրանքանիշի ներքո։ Նոր հաստոցներ են գնել և արդեն թողարկել են սպասքի առաջին նմուշները։

Թեև համավարակի հետևանքով ընդլայնման պլանները փոքր-ինչ հետաձգվել են, բազմաթիվ ցուցահանդեսներ են չեղարկվել, Ռուբենը և Վարդը չեն դժգոհում։ Ընկերության արտադրանքը պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Հաճախորդներ ունեն Ռուսաստանից և Եվրոպայից։ Երևանում փոքրիկ վաճառակետ ունեն «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում, սակայն պատվերներ ընդունում են նաև արվեստանոցում, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի միջոցով`

Facebook – Rubenpap Ceramics

Instagram – https://www.instagram.com/rubenpap/

Ucom-ն աջակցում է փոքր բիզնեսներին՝ պատմելով նրանց մասին։ Դուք էլ կարող եք աջակցել մեր երկրի փոքր բիզնեսներին՝ տարածելով այս հրապարակումը։

Share