Բաժին. Բիզնես

Ucom Թևութիկունք. «Մոմիկ» գինիներ և համտեսի սրահ

UcomԹևութիկունք նախագծի հերթական հրապարակումը նվիրված է «Մոմիկ» գինիներին։

Բերքառատ դաշտերով և կարմիր ժայռերով ճանապարհներն այս անգամ մեզ տարան գինեգործության հնագույն օրրան՝ Վայոց ձոր։ Արենի գյուղի իրենց այգում մեզ դիմավորեցին Նվերը և Նարինեն՝ «Մոմիկ» գինու (Momik Wines) և համանուն համտեսի սրահի հիմնադիրները

Նվերի ընտանիքը խաղողագործությամբ զբաղվել է շուրջ 50 տարի։ Կնոջ՝ Նարինեի հետ էլ գինեգործությամբ զբաղվում են արդեն 20 տարի։ Մինչ մենք հիանում էինք այգու և ժայռերի տեսարանով, Նվերը մեզ պատմեց, որ այգում ունեն 45 տարեկան Արենի խաղողի թփեր։

2011թ․ Արենիի գինու փառատոնում ամուսինների պատրաստած գինին հաղթել է «Լավագույն տնական գինի» անվանակարգում։ Հենց այդ ժամանակ էլ որոշել են գինեգործությունը բարձրացնել պրոֆեսիոնալ մակարդակի և սեփական ապրանքանիշով ներկայանալ գինեսերներին։

Գինիներն ու համտեսի սրահն անվանել են ճարտարապետ Մոմիկի անունով, քանի որ վերջինս Վայոց ձորի խորհրդանիշներից մեկն է: Ի դեպ, Նարինեն մասնագիտությամբ քանդակագործ է։ Սրահում ոչ միայն կարող եք համտեսել գինին, այլ նաև մասնակցել քանդակագործության վարպետաց դասին և Ձեր աշխատանքը վերցնել Ձեզ հետ։ Գինի խմելուց հետո քանդակելն ավելի հեշտ է ստացվում․ մեր փորձից ենք ասում:

Թեպետ այժմ գինու թորումը Երևանում է կազմակերպվում, ընտանիքը հիմնում է սեփական արտադրամասը տան նկուղում, որտեղ հին հնձանների կողքին տեղադրվել են ժամանակակից սարքավորումները։ Նաև պատրաստվում են հիմնել գաստրո բակ, որի այցելուները կկարողանան վայելել հայկական ավանդական ճաշատեսակները:

Իսկ մինչ այդ, կարող եք այցելել հենց խաղողի այգում գտվող «Մոմիկ» համտեսի սրահը, վայելել համեղ գինին, տաք արևը, տեսարանը և անշուշտ՝ Նվերի ու Նարինեի ընկերակցությունը։

Չմոռանաք նախապես ամրագրումներ անել ֆեյսբուքյան էջի միջոցով՝ Momik Wines

«Մոմիկ» գինիներ կարող եք ձեռք բերել նաև Երևանի մասնագիտացված խանութներից։

Ucom-ն աջակցում է փոքր բիզնեսներին՝ պատմելով նրանց մասին։ Դուք էլ կարող եք աջակցել մեր երկրի փոքր բիզնեսներին՝ տարածելով այս հրապարակումը։

Share