Բիզնես

EasyDMARC ընկերությունը Հայաստանում ամենամեծ հրեշտակային ներդրումն է ստացել

Հայաստանում հիմնադրված EasyDMARC ընկերությունը ստացել է ամենամեծ հրեշտակային ներդրումը։ Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA – Business Angel Network of Armenia) նախաձեռնել և առաջնորդել է գործարքը, որին միացել են նաև Պիկսարտ (PicsArt) ընկերությունը և Հայաստանի Հրեշտակ Ներդրողների ակումբը (Angel Investment Club of Armenia)։

Ընկերության համահիմնադիր և տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ավագ Առաքելյանը նշում է,-«Այս ներդրումը շատ կարևոր ձեռքբերում է մեր ստարտափի համար, քանզի այն նոր հնարավորություններ է տալիս ընդլայնել մեր օգտատերերի բազան և տարածել էլեկտրոնային նամակների անվտանգության զարգացման նախաձեռնությունները մինչև 2022 թվականը։ Մեր առաքելությունն է դարձնել էլեկտրոնային նամակագրությունը անվտանգ և հասանելի հնարավորինս մեծ թվով կազմակերպությունների և անհատների համար»։

ԲԱՆԱ-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը նշում է,-«EasyDMARC-ը 2019թ.-ի սկզբին մասնակցել է ԲԱՆԱ-ի կողմից ղեկավարվող Բիլայն Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլին։ Այդ պահից սկսել ենք ակտիվ աշխատել թիմի հետ, և երբ թիմը արդեն պատրաստ էր ստանալ ներդրում, մեկնարկել ենք ներդրումային գործընթացը։ Մենք համոզված ենք, որ EasyDMARC-ը դառնալու է Հայաստանի ամենահաջողակ ստարտափներից մեկը, որը արդեն իսկ արագ տեմպերով նվաճում է համաշխարհային շուկան։ Վստահաբար նման կազմակերպությունների թիվը աճելու է Հայաստանում։

Շատ ուրախ ենք, որ ներդրմանը մասնակցել են նաև միջազգային ներդրողներ, ովքեր մասնագիտացված են այս ոլորտում»։

EasyDMARC-ը պլատֆորմ է, որը օգնում է ընկերություններին պաշտպանվել էլեկտրոնային նամակների միջոցով կատարվող հաքերային հարձակումներից, բարելլավում է նամակների հասցեագրման արդյունավետությունը, ինչպես նաև տրամադրում է մի շարք անվճար ծառայություններ դոմենների ստուգման և ռիսկերի գնահատման համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share