Բիզնես

«Տարտոֆել»՝ բիզնեսի ծնունդ համավարակի պայմաններում և վաճառքների մեկնարկ պատերազմի օրերին

Երեկ համացանցը «ցնցեց» մի «պարկ» կտրատած կարտոֆիլի լուսանկարը։ Այն դուք հաստատ սոցցանցային հարթակներում նկատել եք։ Մենք զրուցել ենք հաշված ժամերում հայտնի դարձած «Տարտոֆել»-ի հիմնադրի՝ Վահե Փայտյանի հետ։

Պարզվում է՝ բիզնեսի հիմքը մի աղջկա խոսք է եղել այն մասին, որ ռեստորանում մենք ուտում ենք սառեցված մթերք։ Վահեի առաջին ռեակցիան զարմանքն է եղել՝ եթե իրոք այդպես է, ապա ինչպես այն չի սևանում ու քաղցրանում։ Հենց այսպես ծագեց գաղափարը, բայց տեխնոլոգիական առումով մտորելու ու հնար գտնելու կարիք կար։ Տեխնոլոգիան հնարավորինս հասկանալու համար տևական ժամանակ Վահեն որևէ սննդի կետ ու ռեստորան այցելելիս պատվիրել է ֆրի, համեմատել համերը, տեսքը, որակը։ Ի վերջո նկատել է՝ Հայաստանում ամեն դեպքում պահանջարկ կա։ Իսկ եթե կա պահանջարկ, ապա անհապաղ լուծումներ գտնել է պետք ու սպառողին ապահովել առաջարկով։

«Սարքավորումները գտա Ֆրանսիայում, պարզվեց՝ չինական են։ Այդպես սկսվեց տեխնոլոգիաների ձեռքբերման փուլը։ Ձախողման ռիսկը շատ մեծ էր, բայց գաղափարը շատ էր դուրս եկել։ Համավարակի պայմաններում սկսեցինք վերանորոգել փոքր արտադրամաս, հետո պատերազմը սկսվեց, ու անորոշության մեջ էինք։ Մի առավոտ արթնացա ու ասացի եղբորս, որ վաղվանից պետք է սկսենք բացման աշխատանքները։ Եվ այդպես բացվեց մեր փոքրիկ արտադրամասը», – պատմում է Վահեն։

Արտադրանքի հիմնական սպառողը սննդի կետերն են, ընդ որում՝ «Տարտոֆել»-ի առաջին պատվիրատուները ևս։

«Առաջին գործընկերներս «Աբովյան բուրգեր»-ն ու «Նոյ» հացատունն էին։ Նրանք շաբաթական 10-ական կգ պատվեր են ամրագրում մեզ մոտ։ Սպառման ծավալները շատ թույլ են դեռ, բայց ընկերներիս շնորհիվ մեր ապրանքանիշը դարձավ ճանաչելի։ Արդեն մեր գործընկերների ցանկը կամաց-կամաց համալրվում է»։

Ի դեպ, վերոնշյալ համագործակցությունն էլ պատահական չի եղել. Դա համավարակի տնտեսական վնասների հաղթահարման փորձ է եղել, որը փաստորեն հաջողել են։

«Համավարակի ու պատերազմի պայմաններում ձախողելու հավանականությունը գրեթե 99% էր, «Աբովյան բուրգեր»-ի ու «Նոյ» հացատան հետ քննարկեցինք ու որոշեցինք միասին դիմակայել՝ իրենք բաց պահեն կետերը, մենք էլ արտադրամասը։ Ընթացիկ դժվարությունների մասին ավելորդ եմ համարում խոսելը, կարծում եմ՝ բոլորը գիտեն։ Հետագայում համոզված ենք որ լավ կլինի ու երեքով էլ ավելի կավելացնենք ծավալները։ Արդեն շատ գործընկերներ ունենք, բայց նշում եմ երկուսին որովհետև բիզնեսի հիմնման ու ընթացում ունեցած խնդիրները միասին ենք հաղթահարել ու ընկերացել»։

Վահեն կարևորում է արտադրանքի որակը և, իհարկե, արտադրության վայրը։ Աբովյան քաղաքում գտնվող արտադրամասը «հումքը»՝ կարտոֆիլն անմիջապես գնում է Հայաստանի գյուղերից։ «Տարտոֆել»-ը մթերքի մշակման ու վերջնական արտադրանք ստանալու գործընթացում շուրջ 10 տոննայի կորուստ է ունեցել։ Կարտոֆիլը նախ օսլայազրկվում է, ջերմային մշակման մի քանի փուլ անցնում։ «Տարտոֆել»-ի յուրաքանչյուր փաթեթ կշռում է 5 կգ։ Պիտանելիության ժամկետը նվազագույնը 1 տարի է՝ պահպանման պայմաններն ապահովելու դեպքում։

Թեև համավարակն ու պատերազմը բեկում են մտցրել միայն տեղական շուկայում աշխատող արտադրողների բիզնես հեռանկարներում, այնուամենայնիվ, Վահեի բիզնես պլանները մեծ են. «Տարտոֆել»-ն արդեն արտադրում է տեղական կարտոֆիլի չիպսեր։ Ընկերությունը նախատեսել է մեծ գործարան կառուցել՝ համալրված նորագույն տեխնոլոգիաներով, մշակել և սառեցնել նաև այլ մթերքներ։ Նախատեսել են 2021-ից արտադրանքն արտահանել Վրաստան և Ռուսաստան։

Share