Բիզնես

Ucom Թևութիկունք. ARENI WINE ART հյուրատուն

Ucom-ի Թևութիկունք նախագծի հերթական հրապարակումը նվիրված է Areni Wine Art հյուրատանը։

Սա պատմություն է այն մասին, որ նույնիսկ ամենահամարձակ երազանքներն իրականանում են, եթե իսկապես նվիրվում ենք դրանց։

Areni Wine Art հյուրատան հիմնադիր Դավիթ Սիմոնյանը պատմում է, որ վաղուց երազում էր հայրենի գյուղում ինչ-որ բան ստեղծել։ Որոշեց համադրել ընտանիքի բազմամյա գինեգործական հմտությունները և զբոսաշրջության ոլորտում իր կուտակած փորձն ու կապերը։ Արդյունքում ստեղծվեց ոչ սովորական մի հյուրատուն, որտեղ մարդիկ կարող են ոչ միայն գիշերել, այլև վայելել հիանալի գինի, թոնրի շուրջ մասնակցել ավանդական ճաշատեսակների պատրաստմանը և համեղ սնվել։

Տան՝ հնաոճ իրերով զարդարված մառանում գինիներն են պահվում, շուտով այստեղ նաև գինու արտադրություն է լինելու, իսկ երկրորդ հարկում՝ հյուրերի սենյակներն են։ Հյուրատան դիզայնը Դավիթն է մտածել, ամեն ինչ սեփական ուժերով է ստեղծել։ Բիզնեսում աշխատում են ողջ ընտանիքով, ամենածանրաբեռնված շրջանում էլ համագործակցում են նաև գյուղացիների հետ։

Համավարակի հետևանքով այս տարի արտերկրից հյուրեր չեն ունեցել, և բիզնեսը շատ է տուժել դրանից։

Ակտիվ հանգստի սիրահարները ևս զբաղմունք կգտնեն հյուրատանը։ Դավիթը հյուրերի հետ իր ամենագնաց մեքենայով շրջագայություններ է իրակացնում Վայոց ձորում։

Մենք բարձրացանք Արենիի վերևում գտնվող մի բլուր, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Նորավանքի կիրճը։ Մինչ մենք շունչներս պահած դիտում էինք կիրճը, Դավիթը պատմեց, որ այս բլրի վրա հողատարածք է գնել և պատրաստվում է այստեղ խաղողի այգիներ ու գինետուն հիմնել։

Մի խոսքով, դեռ այնքա՜ն պլաններ կան, մնում է իրագործել այդ ամենը։

Եթե որոշեցիք այցելել Արենի, գիշերել Areni Wine Art հյուրատանը ու լավ գինի վայելել, կարող եք ամրագրումներ կատարել ֆեյսբուքյան էջի միջոցով՝ ARENI WINE ART։

Share