Բիզնես

Ucom Թևութիկունք. Under The Walnut Tree ռեստորան

Ucom-ի Թևութիկունք նախագծի հերթական հրապարակումը նվիրված է Under The Walnut Tree ռեստորանին։

Եթե սիրում եք հայկական ավանդական գաթան, ուրեմն այս հրապարակումը հաստատ կհետաքրքրի ձեզ։

«Ընկուզենու տակ»՝ այսպես է կոչվում եղեգնաձորցի Լիլիթ Խալաթյանի հիմնած ընտանեկան ռեստորան-հյուրատունը։ Ռեստորանի այցեքարտն ավանդական եղեգնաձորյան գաթայի պատրաստման վարպետաց դասն է։ Կարող եք մասնակցել գաթայի խմորի պատրաստմանը, տեսնել՝ ինչպես են վառում թոնիրը, իսկ վերջում՝ իհարկե վայելել Ձեր աշխատանքի արդյունքն անուշաբույր թեյով։

Խալաթյանների ընտանիքը նաև առաջարկում է օղու թորման վարպետաց դաս և տարբեր մրգային օղիների համտես։ Ռեստորանում մատուցում են Լիլիթի մայրիկի՝ տիկին Աննայի ձեռքով պատրաստված անուշահամ ուտեստները՝ եղեգնաձորյան բաղադրատոմսերով՝ սոխով տոլմա, մասրապուր, շորվա և այլն:

Սեփական բիզնես ստեղծելու ուղին հեշտ չի եղել։ Լիլիթը պատմում է, որ ամենից դժվարը հայրիկին համոզելն էր։ Բայց խոստովանում է, որ առանց ընտանիքի օգնության ոչինչ չէր ստացվի։ Ինքը սկսել է բիզնեսը, հայրիկը պատրաստել է կահույքը և դեկորացիաները, մայրիկն էլ խոհարարի դերն է ստանձնել։⠀

Ըստ նրա՝ այս գործում հաջողության գաղտնիքը ռիսկի դիմելը, կարծրատիպերը կոտրելը և թերահավատությունը հաղթահարելն է։

Բացի հյուրատնից, Լիլիթը Եղեգնաձորի կենտրոնում նաև փոքրիկ սրճարան է հիմնել ընկերոջ՝ Դավթի հետ։ Այստեղ էլ հանգստանում և սուրճ են վայելում քաղաքով անցնող ճանապարհորդները և քաղաքացիները։ Քանի որ Եղեգնաձորում ժամանցի վայրերը շատ չեն, Լիլիթը և Դավիթը նախատեսում են այս սրճարանում նաև երաժշտական միջոցառումներ ու թեյախմություն կազմակերպել տեղացիների և զբոսաշրջիկների համար։

Եթե որոշեցիք ծանոթանալ Եղեգնաձորի խոհանոցին և համտեսել թոնրում պատրաստված գաթան, կարող եք ամրագրումներ կատարել ֆեյսբուքյան էջի միջոցով՝ Under The Walnut Tree։

Share