Categories: Բիզնես

Վաղը կանցկացվի Հայաստանի ստարտափ ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանի օնլայն Դեմո օրը

Ապրիլի 17-ին տեղի կունենա Հայաստանի ստարտափ ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանի օնլայն Դեմո օրը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի 12 շրջանավարտները, որոնք նորարարական գաղափարներով են հանդես եկել ռոբոտաշինության, անվտանգության, առողջապահության և այլ ոլորտներում:

Այս եռամսյա ծրագրում ներգրավված են եղել 32 հիմնադիրներ, որոնք անցել են իրենց ստարտափների համար անհատապես մշակված ծրագրով, անց են կացվել 150-ից ավելի անհատական հանդիպումներ, 22 խմբային քննարկումներ և փիչինգի սեմինարներ։ Մասնակիցները ստացել են խորհրդատվություն գաղափարների վավերացման, հաճախորդների զարգացման, շուկայում աճի ռազմավարության մշակման և փիչինգի հարցում, պատրաստվել տեղական և միջազգային շուկա մուտք գործելուն: Հիմնադիրները նաև ձեռք են բերել այնպիսի գործիքակազմ և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են վերջիններիս իրենց ընկերությունները հիմնելու և սկզբնական աճի համար:

Դեմո օրվան կարող եք միանալ օնլայն, ապրիլի 17-ին՝ ժամը 18:00-ին Նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանի հիմնադիրների հետ ծանոթանալու համար:

Օնլայն դեմո օրվան միանալու համար գրանցվեք այստեղ։ Օրակարգը հասանելի է այստեղ։

Հայաստանի ստարտափ ակադեմիայի Նախաաքսելերացիոն ծրագիրը նախատիպի փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսված 12-շաբաթյա ծրագիր է, որն ուղղորդում է վերջիններիս հաճախորդների զարգացման, նախասաղմնային ներդրումների ներգրավման, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկա մուտք գործելու հարցում:
Նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանը իրականացվել է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։

Share