Բիզնես

Հայփոստը և Օնէքսը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Օնէքսի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Համագործակցության հուշագրի նպատակն է համատեղ ուժերով ապահովել հաճախորդների համար հասանելի և արագ ծառայություններ՝ համայնքների այն բնակիչների համար, ովքեր օգտվում են առցանց գնումների Օնէքս հարթակից:

Հայփոստի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է, որ Օնէքսի օգտատերերը կարող են առցանց գնումների իրենց պատվերները  ստանալ Հայփոստի 850 բաժանմունքից ավելի քան 700-ում՝ առանց հավելյալ առաքման վճարի: Նշենք, որ ներկա պահին այս համագործակցության ծրագիրը նախատեսված չէ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար:

«Հայփոստը, լինելով փոստային կապի ազգային օպերատոր և սոցիալապես պատասխանատու ընկերություն, իր գործողություններով մշտապես նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը: Մեր համագործակցությունը Օնէքսի հետ հաճախորդների համար ավելի հարմարավետ և մատչելի կդարձնի առցանց գնումների առաքման գործընթացը»,- նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Կարևորելով բոլոր օգտատերերի համար առցանց գնումների առաքման հասանելիությունը և ծառայության գնի պահպանումն անկախ բնակության վայրից՝ Օնէքսը և Հայփոստը սկիզբ են դնում «հեռու-մոտիկ օգտատեր» նոր համագործակցությանը: Օնէքսի մարզաբնակ օգտատերերը այսուհետ կարող են ստանալ իրենց առցանց գնումները Հայփոստի՝ իրենց նախընտրած բաժանմունքից՝ առանց հավելյալ առաքման վճարի»,- նշում է Օնէքսի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։

Սկսած 2015թ-ից Օնէքսը տրամադրում է արտերկրից կատարված առցանց գնումների արագ առաքման ծառայություններ հարյուրհազարավոր օգտատերերի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՌԴ-ում և Ուկրաինայում։

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

Share