Բաժին. Բիզնես

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

Որպես պատասխանատու բիզնես՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեին հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար):

Հայաստանի խոշոր հարկատուներից ու գործատուներից «Գալաքսին», որը համախմբում է 15 բիզնես միավոր, հրապարակել է 2021թ. տնտեսական և սոցիալական ազդեցության տարեկան զեկույցը, որում ներկայացված են ընկերությունների խմբի 2020թ. հարկային և վարկային պորտֆելը, աշխատակիցների թիվն ու աշխատավարձային ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա ազդեցության տվյալներ և կարևոր այլ տեղեկատվություն։

«2020 թվականը, անխոս, ամենադժվար տարին էր բոլորիս համար: Մեր միասնական որոշումն է եղել՝ անկախ մարտահրավերներից, լինի դա պատերազմը, տնտեսական ճգնաժամը, կորպորատիվ սաբոտաժները կամ անօրինական հետապնդումները, պետք է պահպանենք բիզնեսի շարունակականությունը, քանի որ պատասխանատվություն ենք զգում հազարավոր մարդկանց՝ մեր ընկերությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների համար: Որպես հայկական հենքով կապիտալի բիզնես խումբ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակելու է հավելյալ արժեքներ ստեղծել՝ Հայաստանի տնտեսության վերականգնման օրակարգին իր մասնակցությունը ներբերելով», – նշել է Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խմբում 2020թ.-ին միջին ամսական աշխատավարձը եղել է 364,716 ՀՀ դրամ, և պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։ Ընկերությունների խմբի վարկային պորտֆելը 2020թ. տվյալներով կազմել է մոտ 60 միլիարդ ՀՀ դրամ (մոտ 115 միլիոն դոլար)։ Տեղական շուկայից գնումները  կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար:

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը, ի լրումն հիմնադիրների կողմից պաշտպանական և անվտանգության համակարգերի ներդրման ջանքերի, 2020թ.-ին զգալի քայլեր է կատարել սոցիալական պատասխանատվության ոլորտում, ներառյալ քաղաքացիական բնակչության ապաստարանի ու աջակցության ծրագրեր, միջազգային մամուլի այցեր Հայաստան և Արցախ, սոցիալապես խոցելի խմբերին աջակցություն և այլն։ 2020թ.-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրների հանդեպ սկսել են հետապնդումներ հեռահաղորդակցության ոլորտում բիզնեսի օտարման ապօրինի փորձերով, որոնք չեն հաջողվել:

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում ստեղծել և կայացրել է շուրջ 15 բիզնես միավոր Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարարությունը, թիմային արդյունավետ ներգրավումը և շարունակական կրթության հիման վրա զարգացված պատասխանատու բիզնես մշակույթը։ «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրներն են Արամ Խաչատրյանը, Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը: Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է երկու հազարը, և սոցիալական պատասխանատվության բազմաբնույթ ծրագրերը կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտներում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի առանցքային բաղադրիչը։

Share