Բաժին. Բիզնես

Տելեկոմ Արմենիան կավելացնի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունները

Մայիսի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) ղեկավարությունը հանդիպում է ունեցել Հայաստանում այցով գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:

Քննարկվել են տեխնոլոգիական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել է Տելեկոմ Արմենիա ՓԲԸ կողմից դեպի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունների բարձրացման հնարավորությունը՝ տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:

Որպես ԱՏՁՄ վարչության անդամ և «Արմաթ» ծրագրի գործընկեր՝ «Տելեկոմ Արմենիա»-ն ներկայացրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխատանքի մոդելը։ Որպես բարի կամքի դրսևորում՝ Տելեկոմ Արմենիա ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պատրաստակամություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի կրթական համակարգին նվիրաբերել երկու լաբորատորիա՝ դպրոցականների շրջանում թվային կրթությանը խրախուսելու համար:

Նշենք, որ միջազգային համագործակցությունը և ինտերնետի միջազգային կապուղիների ապահովումը դիտարկվում են որպես ընկերության ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններից մեկը:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «ՎԵՈՆ Արմենիա» և «ԱրմենՏել») պատկանում է ԹԻՄ ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն ու սեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը` «Տելեկոմ Արմենիա»-ն առաջարկում է ժամանակակից ինովացիոն լուծումներ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործում է Beeline ապրանքանիշի ներքո:

Share