Բիզնես

Ավետիք Էլոյան. Հայաստանի ճարտարապետական ընկերություններն ի վիճակի են արտասահմանի ընկերություններին մրցակցություն պարտադրել

Հայաստանի ճարտարապետական ընկերություններն ի վիճակի են արտասահմանյան ընկերություններին պարտադրել պատվերների կատարման գնի և ժամկետների առումով մրցակցություն։ Այս գնահատականը «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանը։

Նա նշեց, որ, մասնավորապես, ԱՄՆ-ում իր հիմնադրած և այնտեղ լիցենզավորված ճարտարապետական ընկերությունը, որի մասնագետներն աշխատում են Երևանում, ԱՄՆ շուկայում հաճախ մրցակցում է ոչ թե ամերիկյան, այլ, օրինակ,  Հնդկաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հունգարիայի ընկերությունների հետ։ «Ես ի վիճակի եմ եղել ամերիկյան մի ընկերությունից փախցնել մի ֆիրմա, որն աշխատում է Հունգարիայում։ Ընդ որում, նրանք այդ ֆիրմայի հետ աշխատել են 5-6 տարվա ընթացքում։ Եվ սկզբունքորեն հպարտ եմ, քանի որ դա աշխատավարձ է, որը հիմա վճարվում է Հայաստանում»,- նկատեց Ավետիք Էլոյանը։   

Ճարտարապետը հավաստեց, որ այն, ինչը տեղի է ունենում իր ընկերության հետ այժմ՝ համավարակի շրջանում, դա այն է, ինչին ձգտել է աշխատանքի մոտ 8 տարվա ընթացքում։ «Ես փորձում էի կազմակերպել աուտսորսինգ, երբ վերցնում եմ ԱՄՆ-ի նախագծերը և արժանապատիվ աշխատավարձեր եմ վճարում Երևանում։ Դա շատ երկար ժամանակ չէր ստացվում, և շատ տարօրինակ է, որ դա սկսեց ստացվել հենց համավարակի հետ կապված»,- պարզաբանեց Ավետիք Էլոյանը՝ հավելելով, որ համավարակի ժամանակ ԱՄՆ-ի բոլոր քաղաքային, մունիցիպալ ծառայությունները փակվեցին կարանտինի և շատ արագ ու արդյունավետ կարողացան վերակազմակերպվել բոլոր փաստաթղթերի, ներառյալ՝ գծագրերի առցանց ընդունման ուղղությամբ։ 

Պատասխանելով հարցին, թե պետությունն ստեղծե՞լ արդյոք է պայմաններ, որ այլ ընկերություններն էլ կարողանան Հայաստան բերել մեծ նախագծեր, Ավետիք Էլոյանն ընդգծեց, որ այդ հարցով պետք է զբաղվի կրթական համակարգը՝ կոնկրետ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), որը թողարկում է բավական լավ մասնագետներ, որոնք, սակայն, պատրաստ չեն նման կարգի աշխատանքի. «Արտասահմանի հետ աշխատանքը ժամանակի ընթացքում ավելի պակաս չի լինելու, եթե մենք ի վիճակի ենք լինելու ընդունել այն։ Ես գիտեմ իմ ընկերության օրինակի վրա, որ մոտ 6 ամիս տևում է  այն մեկի պատրաստումը, ով կարող է դրանից հետո անցնել աշխատանքի և կատարել առաջադրանքները։ Կարծում եմ, որ ՃՇՀԱՀ-ի մի քանի տարիների համակարգային ջանքերից հետո մենք ի վիճակի կլինենք ընդունել այդ աշխատանքը»։ Նրա գնահատմամբ՝ եթե բուհն ավարտողների թվային տեխնոլոգիաների իմացությունը Հայաստանում արտասահմանի համար նախանձելի մակարդակի է, ապա լեզվի և ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների իմացության առումով խնդիրներ կան։ «Օրինակ, իմ ընկերությունը հիմնականում աշխատում է փայտից և գիպսակարտոնից շենքերի կառուցման ամերիկյան եղանակի վրա։ Բնականաբար, Ֆրանսիայում կառուցում են այլ կերպ, Իտալիայում իրենց առանձնահատկությունները կլինեն։ Դա նաև շուկաները հասկանալն է այն առումով, որ մենք պետք է գիտակցենք, որ այնտեղ ինչպես է կառուցվում, և ի վիճակի լինենք դա ընկալել և դրան մոտենալ ավելի գիտական մոտեցումով։ Դրա համար, կարծում եմ, պետք է այդ ամենը դասավանդել ՃՇՀԱՀ-ում տարբեր փուլերում։ Նույնիսկ լեզուն է ինչ-որ տեղ երկրորդական, եթե կա արտասահմանի շինարարական տեխնոլոգիաների և պրակտիկայի ըմբռնում»,- ընդգծեց ճարտարապետը։

Անդրադառնալով դրամ վաստակելու տեսանկյունից ճարտարապետի մասնագիտության գրավչության մասին հարցին՝ նա նշեց, որ իրեն գրավում է նախ և առաջ հետաքրքիր աշխատանքով և արժանապատիվ վաստակելն ու հավելեց։ «Իմ որդին հիմա ճարտարապետականում է սովորում ԱՄՆ-ում, և ես նրան հակառակը չեմ համոզել։ Դա մեր ընտանիքում ճարտարապետների չորրորդ սերունդն է»։ 

Ավետիք Էլոյանը խոսեց նաև իր ճարտարապետական ընկերության կիբեռպաշտպանության մասին։ «Բնականաբար, մեզ մոտ ամեն ինչ ամպում է՝ Dropbox-ում։ Եվ այն ամենը, ինչ տրամադրում է Dropbox-ը, բավական է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մեծ վախեր չունի  կապված այն բանի հետ, թե ինչ-որ մեկը համացանցում կտեսնի իր ընկերության նախագծերը, քանի որ դրանք այսպես թե այնպես դառնում են հասանելի տեղեկատվություն գործընթացի վերջում։ 

Share