Categories: Բիզնես

Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով

Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում համացանցից գրոհների (վեբ-գրոհներ) ենթարկվել է օգտատերերի 9,44%-ը, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 13-րդ տեղն աշխարհում։ Մեկ տարի առաջ նման գրոհների ենթարկվել է օգտատերերի 28,3%-ը։ Ընթացիկ տարվա հունվար-մարտին այն օգտատերերի բաժինը, որոնք բախվել են վեբ-գրոհների, Վրաստանում կազմել է 8,0%, իսկ Ադրբեջանում՝ 8,57% (17-րդ տեղ)։

Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, 2021-ի հունվար-մարտին Հայաստանում տեղային սպառնալիքների ենթարկվել է օգտատերերի 21,4%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38%-ի դիմաց։ Ընթացիկ տարվա նույն ամիսներին Վրաստանում տեղային սպառնալիքների բախվել է օգտատերերի 17,1%-ը, իսկ Ադրբեջանում՝ 26,4%-ը։ Այդ սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի (նիշք) միջոցով կամ հանովի կրիչներից (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ համակարգչում են հայտնվում ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։

Փորձագետները համացանցից գրոհներից՝ վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս։ Չարագործները կամ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքէջեր, կամ կոտրում են օրինական ռեսուրսները և այդտեղ տեղադրում վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր, կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող շորթիչներ ներբեռնող փաթեթներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։

Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հրաժարվել հանովի կրիչներով աշխատանքից, և դրանց օգտագործման անհրաժեշտության դեպքում կրիչներն ստուգել հուսալի հակավիրուսով։  Հարկ է միշտ ստուգել նաև ներբեռնվող բարդ ինստալյատորները և արխիվները։ Վարակմանը խոչընդոտում է նաև համակարգչում հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթն անջատելը։

Share