Բաժին. Բիզնես

Կասպերսկի. Մոբայլ վնասաբեր ծրագրերն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին

Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 1,57%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,38%, իսկ Ադրբեջանում՝ 3,52%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Հայաստանում 2020-ի հունվար-մարտին վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է մոբայլ սարքերի օգտատերերի 1,33%-ը։ Վրաստանի օգտատերերի շրջանում այդ ցուցանիշը կազմել է 1,58%, իսկ Ադրբեջանում այդ վնասաբեր ծրագրերը գրոհել են մոբայլ սարքերի օգտատերերի 2,68%-ին։

2021-ի նույն ժամանակահատվածում ամենահաճախը մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել են Իրանում (25,80%), Չինաստանում (16,39%) և Սաուդյան Արաբիայում (13,99%) գտնվող օգտատերերը։

2021-ի առաջին եռամսյակում ընկերությունն աշխարհում հայտնաբերել է մոբայլ վնասաբեր ծրագրերի 1 451 660 տեղադրման փաթեթ, ինչը 655 020-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում, և 298 998-ով ավելի, քան 2020-ի առաջին եռամսյակում։ Ընդ որում, ընթացիկ տարվա հունվար-մարտին հայտնաբերված փաթեթներից 25 314 վերաբերել են մոբայլ բանկային տրոյացիներին, 3 596-ը եղել են մոբայլ տրոյացի շորթիչներ, իսկ հայտնաբերված սպառնալիքների մեծամասնությունը (61,43%) վերաբերել է գովազդային հավելվածների (Adware) դասին։

Փորձագետները համարում են, որ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։ Անհրաժեշտ է նաև համակարգը և հավելվածները մշտապես նորացնել մինչև արդիական տարբերակներ և չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Եվ, իհարկե, բոլոր սպառնալիքներից լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը։

Share