Բաժին. Բիզնես

8  ընկերություններ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտության հավաստագրեր

Հավաստագրման հանձնաժողովի որոշմամբ «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտի կարգավիճակ են ստացել դեռևս թվով 8 ընկերություններ՝

  • «Եիա Ինժեներինգ»,
  • «Հայլինք Թեքնոլոջիզ»,
  • «Ինսօլ,
  • «Ինտեգրատոր»,
  • «Ինժեներական Պլազա»,
  • «Վան Թեքնոլոջիս»,
  • «Ուրարտու Սիստեմս»,
  • «Փրոջեկտ Ինտեգրեշն»:

Ինժեներական քաղաքը նախատեսվում է ապահովել առաջատար ինժեներական սարքավորումներով, հետազոտական ​​և նախատիպային լաբորատորիաներով, հաստոցաշինության և արտադրական մեքենաներով, որոնք հասանելի են ինչպես ԻՔ-ում գործող, այնպես էլ  ինժեներական  և բարձր տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերությունների համար:

«Ինժեներական քաղաք»-ի շուրջ 3 հեկտար հողատարածքը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։ Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուց­վածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով:  Նրա խոսքով, ռեզիդենտները նաև հասանելիություն կստանան համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական ու նախատիպերի լաբորատորիաներին, արտադրական մեքենաներին ու սարքավորումներին։

Հավելենք, որ «Ինժեներական քաղաք»  ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։

Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https:/www.eif.am/arm/news/engineering-city

Տեղերը սահմանափակ են և առավելությունը կտրվի ժամանակային առումով առավել վաղ ներկայացված դիմումներին:

Share