Բիզնես

Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

2021 թվականի հուլիսի 30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը (1921-1983թթ.):

Գեղաթերթիկի վրա պատկերված է Արամ Խաչատրյանի համերգասրահը, «100 ԱՄՅԱԿ» և «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի ստորին աջ անկյունում տեղադրված է ARLOOPA հավելվածի նշանը: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը տվյալ հավելվածով՝ կարող եք վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշում է,- «Մի ամբողջ սերունդ է դաստիարակվել մեծ երաժիշտ, կոմպոզիտոր, խորհրդային սիրված մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ։ Շատ ենք կարևորում նմատիպ ֆիլատելիստական պրոդուկտի միջոցով հայկական մշակույթի ներկայացումն ու մեծանուն հայերի մասին տեղեկատվության մատուցումն ամբողջ աշխարհին։ Մեզ համար առանձնահատուկ ողջունելի է նմատիպ պորդուկտներում բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում նախ և առաջ անդրադարձել է ՀայՓոստի հետ համագործակցության բարձր մակարդակին, որի շրջանակում արդեն թողարկվել են հուշարձանների հանրային իրազեկմանն ուղղված և Ա. Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական  նամականիշները:

«Եվ այսօր թողարկվում է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված նամականիշը: Մարդ, որի անունը դարձել է լավատեսության, կենսասիրության խորհրդանիշ: Կարծում եմ, որ այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է ամենուր հնչեցնել Բաբաջանյանի երաժշտությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ նախորդ օրերին Կապանում և Գորիսում Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Վահագն Հայրապետյան» տրիոյի հետ կատարել է մեծանուն կոմպոզիտորի՝ հանրության կողմից սիրված և ճանաչված ստեղծագործություններն ու դրանց ջազային մշակումները՝ բարձր տրամադրություն, լավատեսություն պարգևելով սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Արա Խզմալյանը շնորհավորել է բոլորին այս գեղեցիկ նախաձեռնության՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման կապակցությամբ և տեղեկացրել, որ մինչև տարեվերջ և հաջորդ տարի կոմպոզիտորին նվիրված միջոցառումները լինելու են շարունակական:

ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով,- «Մեկ նամականիշով այս գեղաթերթիկը եզակի է իր ձևաչափով: Առաջին անգամ թողարկել ենք տեսաձայնային նամականիշ, ինչի համար ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր ARLOOPA-ին: ՀայՓոստը շարունակելու է իր նորամուծությունները հայկական ֆիլատելիայում, և վստահ եմ, որ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնենք նամականիշերի նկատմամբ»:

Ինչպես նշում է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը,- «Բոլոր ազգերն էլ ունենում են մեծություններ, բայց քչերն են ունենում խարիզմա: Մենք հպարտանում ենք, որ Առնո Բաբաջանյանը այն մեծություններից է, ով իսկապես խարիզմա ուներ և կրթել է մի ամբողջ սերունդ»:

«Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել և պահում Առնո Բաբաջանյանին և նրա թողած ժառանգությունը՝ կոմպոզիտորի գործերը ներկայացնելով ամենատարբեր համերգների ընթացքում: Մասնավորապես, պետք է շեշտեմ, որ վերադարձել ենք Կապանից և Գորիսից, որտեղ նաև ներկայացվել է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված մեր բացառիկ նախագիծը, որն իրականացրել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն: Բացի այդ, նախագիծը ներկայացնելու ենք հուլիսի 31-ին և օգոստոսի 2-ին Կամերային երաժշտության տան զբոսայգում՝ ևս մեկ անգամ արժանին մատուցելու Բաբաջանյանի գործունեությանը և բոլորովին նոր գործիքավորմամբ կատարելու նրա ստեղծագործությունները»,- նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:

Share