Բաժին. Բիզնես

ԱՆԻՖ. Ինչպես միջազգային շուկա արտահանել հայկականը

Հայաստանյան ձեռնարկատերերը հաճախ՝ ունենալով մրցունակ ապրանք բախվում են արտահանման շուկա գտնելու խնդիրների։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) Հայաստանի արտահանման շուկաների ընդլայմանը նպաստելու ծրագրի շրջանակներում իրականացնում է «Արտահանման հիմունքները» դասընթացների շարք՝ արտահանողների համար։ Նախագծի նպատակն է՝ հնարավորություն տալ հայ ձեռնարկատերերին ուղիներ գտնել միջազգային շուկա մուտք գործելու համար։ Հուլիսին տեղի ունեցավ ծրագրի առաջին դասընթացը՝ միջազգային «Սենտեո» ընկերության մասնագետների մասնակցությամբ։

Այսօր՝ օգոստոսի 18-ին, նախորդ մոդուլին մասնակցած շուրջ 30 առաջատար հայկական ձեռնարկությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները մասնակցեցին երկրորդ՝ առցանց մոդուլին, որի ընթացքում ձեռնարկատերերին առաջարկվեց արտահանման համար անհրաժեշտ բաշխման ուղիներ գտնելու և պոտենցիալ գործընկերների հետ հարաբերությունների կառավարման վերաբերյալ դասընթաց։

Ծրագրի մասնակից Էյ ընդ Էմ Ռեյր ՍՊ ընկերության ներկայացուցիչ Զաբել Հայրունու կարծիքով դասընթացը շատ արդյունավետ էր. «Շնորհակալ ենք սեմինարին մասնակցելու հնարավորության համար։ Շատ լավ էր կազմակերպված և ուներ կառուցողական մոտեցում։ Կարծում եմ, մեզ տվեց անհրաժեշտ գիտելիքներ և ծանոթացրեց գործիքների, որոնք կարող ենք կիրառել գործնականում՝ ավելի լավ արդյունքներ գրանցելու համար»։

Հայաստանից արտահանումը 2020 թվականին կազմել է մոտ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար, որից գյուղատնտեսական, տեքստիլի, քիմիական արդյունաբերության, լայն սպառման այլ ապրանքների արտահանումը կազմել է ընդհանուր արտահանվող ապրանքների կեսից պակասը՝ մոտ 1 մլրդ դոլար։ ԱՆԻՖ-ի համոզմամբ այս ցուցանիշը բարելավման զգալի ներուժ ունի եւ արտահանողների կարողությունների զարգացումն այս առումով կարեւոր նախապայման է։

ԱՆԻՖ-ի նախաձեռնած ուսուցման ծրագիրը բաղկացած է երեք մոդուլներից։ Երրորդ՝ եզրափակիչ մոդուլը կանցկացվի աշնանը, որից հետո մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական եւ, որ առավել կարեւոր է՝ ապրանքի ու ծառայությունների նոր շուկաներ արտահանելու համար գործնական համապարփակ գիտելիք։

Share