Բիզնես

Կասպերսկի. Մոբայլ բանկային տրոյացիներն ավելի քան կրկնակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին

Մոբայլ տրոյական ծրագրերը 2021-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանում գտնվող օգտատերերի 0,03%-ին, Ադրբեջանում գրանցվել է նույն ցուցանիշը, իսկ Վրաստանում այն կազմել է 0,02%:

2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում օգտատերերի 0,07%-ը ենթարկվել է մոբայլ տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ Վրաստանում և Ադրբեջանում նման գրոհների են բախվել մոբայլ սարքերի տերերի 0,04%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2021-ի ապրիլ-հունիսին աշխարհում ամենից շատ մոբայլ տրոյացիները գրոհել են Ճապոնիայում (1,62%), Իսպանիայում (0,76%) և Ֆրանսիայում (0,71%) գտնվող օգտատերերին:

2021-ի երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հայտնաբերել են մոբայլ բանկային տրոյանցիների տեղադրման 24 604 փաթեթ: Դա 710-ով պակաս է, քան 2021-ի առաջին եռամսյակում, և 16 801-ով պակաս, քան 2020-ի երկրորդ եռամսյակում։

Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին տիրանալու համար։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսը (միջերես) իր ինտերֆեյսով, և տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։ Նրանք  դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաև այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով  SMS-հաղորդագրությունները ։ 

Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաև խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։ 

Share