Բիզնես

Ներկայացվել է արգենտինական առևտրային պալատի ստեղծման նախագիծը

Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը մեկնարկում է Հայաստանում Արգենտինայի առևտրային պալատի ստեղծման նախագիծը:

Չնայած Հայաստանի և Արգենտինայի միջև գոյություն ունեցող համեստ առևտրաշրջանառությանը՝ իրապես մեծ է այն ընդլայնելու և դրանով իսկ տնտեսության տարբերի ճյուղերի զարգացմանը նպաստելու ներուժը: Առնվազն մեկ տասնամյակ Արգենտինան, հիմնականում արգենտինահայ համայնքի միջոցով, եղել է Հայաստանում ամենաբարձր ներդրումային հոսք ունեցող հինգ երկրների շարքում՝ առ այսօր առաջատար դիրք զբաղեցնելով հայաստանյան օտարերկրյա ներդրումների մեջ:

Արգենտինական առևտրային պալատը նպատակ ունի դառնալու գործարար նոր հարթակ, որը կառաջարկի առևտրի խթանման կարևոր գործիքակազմ, կնպաստի բիզնեսի զարգացմանը և բարենպաստ միջավայր կստեղծի նոր ներդրումների և առևտրային հոսքերի համար:

«Ապագա պալատն ի սկզբանե հիմնված կլինի վիրտուալ հավելվածի վրա, որն իրական ժամանակում կկապի արգենտինական և հայկական ընկերություններին ու ձեռնարկատերերին: Կոմերցիոն այս նոր գործիքը կդրվի հայաստանյան իշխանությունների տրամադրության տակ՝ ի նշանավորում Հայաստանի անկախ հանրապետության 30-ամյակի: Հատուկ ուշադրության կարժանանան արգենտինացի շատ ու շատ երիտասարդ մասնագետներ, որոնք գալիս են Հայաստան և ձգտում ինտեգրվել տեղի աշխատաշուկային: Այս նախաձեռնությունում մեր գործընկերն է Կոնվերս բանկը. ակնկալում ենք, որ Բանկը իր ակտիվ մասնակցությունը եւ դերակատարումը կունենա նաեւ Հայաստանում Արգենտինայի  առեւտրի պալատի աշխատանքներում», – իր խոսքում նշեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարան:

Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանում Արգենտինայի առևտրային պալատը ստանձնում է բավականին հետաքրքիր և պատասխանատու հանձնառություն՝ կապ ստեղծել միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող երկրների միջև

Արթուր Հակոբյանը Կոնվերս բանկի անունից պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել երկկողմ կապերի հաստատմանը և զարգացմանը՝ առաջարկելով ֆինանսական լայն գործիքակազմ և հնարավորություններ:

«Հայաստանում մենք համապարփակ բանկային ծառայություններ ենք առաջարկում բիզնեսի վարկավորման, արտաքին առևտրի ֆինանսավորման, մանրածախ վարկավորման և քարտային ծառայությունների ոլորտում: Թվայնացման դարաշրջանում առաջարկում ենք տեխնոլոգիական տարբբեր լուծումներ, ծառայություններ ենք մատուցում թվային հարթակներում՝ Մոբայլ բանկ, Ինտերնետ բանկ և վճարումների առցանց հարթակ: Ներդրել ենք բիզնեսի ֆինանսավորման առցանց հարթակը: Կոնվերս բանկը հայտնի է նաև մշակույթի, կրթության, առողջապահության ոլորտներում մեծաթիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերով»,-ասաց նա:

Արգենտինական կապիտալով հայաստանյան ընկերության՝ Կոնվերս բանկի Գլխավոր գործադիր տնօրենը վստահ է՝ տնտեսական ոլորտում հաջողված նախաձեռնություններ կունենանք՝ օգտագործելով նորաստեղծ առևտրային պալատի հարթակը:

Share